Նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ

Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին են անդրադարձել նախագահ Արմեն Սարգսյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երեկ ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկական և մասնագիտական աջակցության համար:

ԱՀԿ կողմից պանդեմիայի հայտարարումը խոսում է իրավիճակի բարդության մասին և է՛լ ավելի է կարևորում այս իրավիճակում միջազգային և ազգային ջանքերը համատեղելու, պետությունների կողմից համատեղ և համաձայնեցված գործելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ սահմանային հսկողության, բնակչության տեղաշարժի և փոխօգնության առումով, ինչը հատկապես էական է Հայաստանի պարագայում: Այս համատեքստում ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում, ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Սարգսյանը նշել է, որ համամիտ է ԱՀԿ տնօրենի մոտեցմանը՝ պետությունների կողմից կանխարգելման և հակազդման ազգային ռազմավարությունների մշակման անհրաժեշտության առումով, և տեղեկացրել, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ գործողությունների ծրագրի համար շատ արժեքավոր կլինեն ինչպես կազմակերպության կողմից պետություններին առաջարկվող ազգային ռազմավարությունների ուղղություններն, այնպես էլ ԱՀԿ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը: Նախագահը կարևորել է նաև արդեն իսկ Հայաստանում գտնվող ԱՀԿ մասնագետների խորհրդատվական գործունեությունը՝ նշելով դրա շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ մասնագետներ ու փորձագետներ ներգրավելու անհրաժեշտությունը:

Նախագահն անհրաժեշտ է համարել նոր կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս արագ հսկողության տակ վերցնելու միջոցառումների արդյունավետության մեծացումն ամբողջ աշխարհում։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դրա համար պահանջվում է իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպում, բարձր պատասխանատվություն և կարգապահություն:

Սարգսյանը և Գեբրեյեսուսը խոսել են նաև նորարարության և ուսուցման միջոցով հիվանդության հաղթահարմանը, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսի ախտորոշմանը, պատվաստանյութի մշակմանն ու բուժմանն ուղղված հետազոտությունների մասին:

ԱՀԿ գլխավոր տնօրենը սիրով ընդունել է նախագահի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը, ասված է հաղորդագրությունում:

Նախագահը ԱՀԿ գլխավոր տնօրենին առաջարկել է Հայաստանում այս տարվա հունիսի 6-8-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում նրա մասնակցությամբ կազմակերպել քննարկում՝ նվիրված նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նորարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:

Զրուցակիցները պայմանավորվել են պարբերաբար տեղեկատվություն փոխանակել իրավիճակի վերաբերյալ։

Հեռախոսազրույցին նախորդել էր նախագահի զրույցը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ով ներկայացրել է Հայաստանում նոր կորոնավիրուսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հեռախոսազրույցից հետո նախագահը տեղեկատվություն է տրամադրել նախարարին ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և գլխավոր տնօրենի կողմից ներկայացված առաջարկությունների մասին: