Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ապրիլի 5-ի հանրաքվեն պետք է հետաձգվի, Արցախում մարտի 31-ի նախագահական ու խորհրդարանի ընտրությունները՝ նույնպես:
«Իրավիճակը ոչ թե գնում է բարելավման ճանապարհով, այլ գնում է սրման ճանապարհով: Այսինքը թիվը ավելանում է վարակվածների, հետևաբար անհնար է լինելու դա անել, հետևաբար պետք է հիմա նաև դրա հետ կապված որոշումները կայացնել», - ասաց նա:
Նա արտակարգ դրություն մտցնելու կողմնակից է՝ առնվազն 14 օրով, որպեսզի փակվեն պետական ու մասնավոր բոլոր հաստատությունները, դադարեցվեն զանգվածային բոլոր միջոցառումները. – «Քաղաքացին սպասում է, որ պետությունն իրեն ասի` հարսանիք մի արա, որ ինքը հարսանիքը հետաձգի: Մենք չպիտի ուշացնենք, սպասենք, որ թիվը շատանա, բարդանա իրավիճակը, հետո մենք ավելի սահմանափակ միջոցներ ձեռնարկենք: Մեղադրել մարդուն, որ ինքը գնացել է նշանդրեքի, դա անարդար է: Որովհետև այդ մարդը տեսել է, որ երկիրը իրա ռեժիմով ապրում ա... քարոզարշավ ա մի տեղ, մյուս տեղը հարսանիք ա, էն մյուս տեղը` էս... ինքն էլ նույն ռեժիմով ապրել ա: Հետևաբար մենք ոչ թե պետք ա էդ մարդկանց ասենք, այլ այն պատասխանատու անձանց, ովքեր որ ասում էին, որ մարդիկ գալիս են ու վերահսկողության տակ են: Պարզվեց, մարդիկ եկել են և վերահսկողության տակ չեն: Հետևաբար, նաև էդ միջոցները, որոնք հիմա ձեռնարկվում են, անհրաժեշտ են, բայց ոչ բավարար»:
Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը կարծիքով, եթե կորոնավիրուսի տարածումը շարունակվի, հանրաքվեն պիտի չեղարկվի։ Իսկ քարոզարշավի դադարեցումը պատգամավորը պարտադիր է համարում, քանի որ վարակի ամենամեծ ռիսկերը հենց մարդաշատ վայրերն են։

Նաիրա Զոհրաբյան
Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն էր դժգոհել կորոնավիրուսի տարածման դեմ կառավարության ձեռնարկած քայլերից, այսօր էլ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ կանխարգելիչ քայլերը բավարար չեն․ ինքը 10-ից ավելի դեղատներով է առավոտյան անցել, վաճառքում դիմակներ ու ախտահանող միջոցներ չեն եղել. – «Ոչ մի հանրաքվե չարժե մարդկային որևէ կյանքի և հանրային առողջությանը: Մեկ մարդու կյանքը անգամ չարժի դնել զոհասեղանին հանուն ինչ-ինչ, թեկուզ լավագույն նպատակների ու լավագույն գաղափարների: Մենք պիտի այդքան անլուրջ չվերաբերենք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց պանդեմիա: Մեր մոտ, ես նայում եմ, հումորներ են անում: Միգուցե դա էլ է պետք պանիկան ցրելու համար: Բայց երբ որ հումորներ այս թեմային վերաբերյալ անում են պաշտոնյաները, ովքեր հումորներ անելու փոխարեն գործ պիտի անեին, այստեղ արդեն մտածում ես իրենց լրջության աստիճանի վերաբերյալ»:
ԱԺ-ի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քարոզարշավը մի քանի օրով է դադարեցված, որոշում, թե երբ կշարունակվի, այս պահին չկա: Իսկ հանրաքվեն հետաձգել-չհետաձգելու որոշումը կկայացնեն՝ հետևելով հիվանդության տարածման դինամիկային. – «Որևիցե քաղաքական գործընթաց շարունակել այն պարագայում, եթե վտանգ լինի համաճարակային կամ ավելի բարդ իրավիճակները, որը որ մենք այսօր ունենք, չի լինելու: Եվ ինքնանպատակ չէ, և ըստ դինամիկայի, ըստ այն ինֆորմացիայի, որը որ կունենանք, որոշումները կկայացվեն»:
Մինչև մարտի 23-ը փակ են կրթական հաստատությունները: Կառավարությունը այլ սահմանափակումների մասին չի հայտարարել: Պետական ու մասնավոր մի շարք հիմնարկներ անհատական որոշումներով են չեղարկել նախատեսված միջոցառումները։
Ալեն Սիմոնյան
Արտակարգ դրություն մտցնելու մասին մտածո՞ւմ են, ինչպես «Լուսավոր Հայաստանն»-ն է առաջարկում։ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ իրավիճակը պետությունը կարողանում է հսկողության տակ պահել, այնուհանդերձ, ոչինչ չբացառեց. – «Ծայրահեղ միջոցների դիմելու դեմագոգիկ հայտարարություններ անելը, կարծում եմ, ճիշտ չի: Որովհետև իշխանությունը մինչ օրս բոլոր դրվագներում ապացուցել է իր բաց լինելը, իր արագ արձագանքելու ունակությունը, և այն միջոցների կիրառումը, որը որ մինչ օրս եղել են, մաքսիմալ ձևով իրենց արդյունքը տվել են: Եթե զգանք, որ դրա կարիքը կա, եթե մասնագետները, ոչ թե քաղաքական գործիչները, իրենց գնահատականները տան, միանշանակ կարվի ամեն ինչ: Բայց այսօր ես նման բանի մասին դեռևս չեմ կարող խոսել: Եվ չեմ ուզում բացառել որևիցե բան»: