Լոռու մարզում ակտիվ քարոզարշավ է իրականացնում միայն «Այո»-ի ճամբարը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան, արխիվ

Լոռու մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզարշավ է իրականացնում միայն «Այո»-ի ճամբարը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, Լոռու մարզպետն ու նրանց աջակիցները մարզի բոլոր համայնքներով անցնում են, տնետուն գնում, քարոզչական նյութեր բաժանում և զրուցում մարդկանց հետ։

Ալավերդիում և հարակից գյուղերում է պատգամավոր Արեն Մկրտչյանը։ «Ոնց էին ասո՞ւմ, էլ էն վիճակից պտի դուրս գանք, էլի, պտի ռսկով խոսանք, դուխով խոսանք, ճակատներին նայենք ու ասենք, ոչ թե վախվխենք, այլ սենց ազատ խոսանք, էլի։ Էդ իրավունքը ես ունենամ և ունեմ հիմա», - ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։ «Ստեղծագործող մարդու համար ամենակարևոր բանն է էդ ազատությունը», - արձագանքեց Մկրտչյանը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց՝ մարդիկ իրենց ջերմ են ընդունում։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և բարձր դատարանի ևս վեց անդամի պաշտոնավարման դադարեցման հարցով հանրաքվեի քարոզարշավում շեշտադրում են, թե իշխանությունը ժողովրդի ձեռքին է։

«Ժողովուրդն է էսօր ամենակարևոր սուբյեկտը, որը որ կարող է որոշումներ կայացնել և ազդել երկրի կառավարման և ընդհանրապես կարևոր պրոցեսների վրա։ Չկա առանձին իշխանություն, առանձին ժողովուրդ՝ դա մեկ միասնական ամբողջություն է», - ընդգծեց մարզպետը։

Ազգային ժողովի վերջին ընտրություններից անցել է ավելի քան մեկ տարի։ Հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին համապետական ընտրություններում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն ստացավ մոտ 70 տոկոս ձայն։ Հարցին, թե անցած մեկ տարում ընտրողների տրամադրությունը փոխվել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս իշխանության, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը գլխավորում է «Այո»-ի մարզային շտաբը, պատասխանեց. - «Եթե հանրաքվեն, այսպես ասեմ, որպես վստահության ևս մեկ անգամ քվե դիտարկենք, կտեսնենք»։ «Այսինքն՝ մարդկանց վերաբերմունքը, մարդկանց արձագանքը ձեր քարոզարշավին ինչպիսի՞ն է՝ նախորդ, Ազգային ժողովի ընտրությունների համեմատած», - այս հարցին էլ Ղուկասյանն արձագանքեց. - «Շատ դրական, նորից միասնական, նորից հաղթանակի, էսպես ասեմ, գիտակցումով՝ ես էդպիսի տպավորություն եմ ստացել»։

Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ հանրաքվեն հակասահմանադրական է

Նախկին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Ինչպես ընդդիմադիր ուժերը հայտարարել են, «Ոչ»-ի քարոզարշավ չեն իրականացնում նաև Լոռու մարզում։ Նախկին գումարման Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունը ղեկավարած Վահրամ Բաղդասարյանն «Ազատությանն» ասաց՝ չեն մասնակցի «հակասահմանադրական» քվեարկությանը։

«18 թվականի ընտրություններից հետո փաստորեն ավելի քան մեկ տարի է անցել։ Ի՞նչ եք կարծում, այս ընթացքում ընտրողների ձայները ի օգուտ ձե՞զ, թե՞ իշխանության են ավելացել՝ Լոռու մարզում կոնկրետ», - «Ազատության» այս հարցին Բաղդասարյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ՝ ի օգուտ ում, բայց իշխանության բալանսը արագորեն գնում է դեպի մինուս։ Դրա գնահատականը դուք ավելի լավ գիտեք և արեք ինքներդ մոնիթորինգ՝ դա կզգաք»։

Հարցին էլ՝ այդ դեպքում, ինչո՞ւ չեն մասնակցում հանրաքվեի քարոզարշավին, նախկին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արձագանքեց. - «Նորից եմ կրկնում՝ եթե մի որևէ, այդ միջոցառումը, այդ հանրաքվեն հակասահմանադրական է, մենք գնանք մասնակից դառնանք այդ հակասահմանադրական քայլի՞ն։ Դա անթույլատրելի է պարզապես»։