Թորոսյանը կոչ է անում չայցելել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան և Հարավային Կորեա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 1-ի ասուլիսի ժամանակ

«Աշխարհում նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա», - այսօր Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը կոչ է անում «Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում», «նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ», «գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից», «խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկներից ժամանած անձանց մասնակցությամբ»:

«Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով», - գրել է Թորոսյանը։

«Նաև հորդորում ենք խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի», - Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարարը։

Հայաստանում, հիշեցնենք, կորոնավիրուսի հաստատված ընդամենը մեկ դեպք կա: Արտգործնախարարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ հայրենիք։