Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է 13-ամյա գյումրեցի աղջկան, ով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում է հայտնվել մոր զուգընկերոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։
«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի և նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում», - կիրակի օրը Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը։
Մարտի 5-ին Գյումրու շտապ օգնությունն ահազանգ էր ստացել, որ տներից մեկում մահացած է 43-ամյա բնակչուհին, նրա դուստրը վնասվածքներ ունի։ Իրավապահները բնակչուհու դին գտել էին բռնության բազմաթիվ հետքերով, իսկ դուստրը անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել։ Տանը եղել էր նաև 28-ամյա տղամարդ, որն ավելի ուշ խոստովանել է, որ ինքն է ծեծել կնոջն ու նրա երեխային։ Տղամարդը ձերբակալված է։