Թուրքիայի տարածքում ապաստանած մեծ թվով փախստականներ փորձում են անցնել Հունաստան, սահմանին լարված վիճակ է, իրավապահներն արցունքաբեր գազ և ծուխ արձակող ռումբեր են կիրառում փախստականներին հետ մղելու համար:
Փետրվարի 28-ին Թուրքիան հայտարարել է, թե իր տարածքում գտնվող փախստականներին թույլ կտա տեղափոխվել Եվրամիություն (ԵՄ), քանի որ այլևս չի կարող այդքան փախստական պահել:
Եվրոպայում համոզված են, որ Անկարան դրանով սոսկ քաղաքական նպատակ է հետապնդում և շանտաժով Եվրոպայից աջակցություն է կորզում Սիրիայի հարցում:
Հույն պաշտոնյաների փոխանցմամբ, անցած 24 ժամում ավելի քան 1200 փախստական փորձել է ապօրինի եղանակով ներխուժել Հունաստան: Ձերբակալվել է 27 մարդ:
Թուրքիայի տարածքում Հունաստանի սահմանի մոտ հավաքված փախստականների մեծ մասն Աֆղանստանից և Պակիստանից են:
«Հունաստանն ամեն ինչ անում է օրինական միջոցով իր սահմանը պաշտպանելու համար, այս ճգնաժամը թուրքական կողմի սարքած սադրանք է, սա կապ չունի այդ մարդկանց [փախստականների] իրական խնդիրների հետ, Թուրքիան նրանց պարզապես օգտագործում է», - CNN հեռուստակայանին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միսոտակիսը:
Եվրամիությունը փախստականներին հորդորում է չներքաշվել քաղաքական խաղի մեջ և չհավատալ ԵՄ տարածքում այդ եղանակով ապաստանելու հնարավորությանը:
Եվրամիությունը խոստանում է լրացուցիչ միջոցներ հատկացնել Անկարային՝ փախստականների կարիքները հոգալու համար: