Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է նոր կորոնավիրուսից մահվան ևս 12 դեպքի մասին, մահացածների ընդհանուր թիվը հասել է 66-ի, վարակվածներինը՝ 1501-ի:
Փորձագետները նշում են, որ Իրանում մահացությունը վարակից շուրջ 5,5 տոկոսով բարձր է մյուս երկրներից, ենթադրելով, որ Իրանում վարակվածների թիվը կարող է ավելի շատ լինել, քան ցույց են տալիս պաշտոնական տվյալները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խումբ է ժամանել Թեհրան՝ աջակցելու կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին:
Ավելի վաղ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին առաջարկել էին «նյութական և ֆինանսական աջակցության փաթեթ» ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Իտալիայից վերադարձած Ռուսաստանի քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, ինչի կապակցությամբ նրա հետ շփված 24 անձինք Մոսկվայում հոսպիտալացվել են, ևս 83-ը տնային կարանտինում են գտնվում:
Իտալիայում մահացածների թիվը հասել է 52-ի, վարակվածների թիվը գերազանցել է 2 հազարը:
Հարավային Կորեայում վերջին մեկ օրվա ընթացքում ևս երեք մարդ է զոհվել, վարակվածների ընդհանուր թիվը 4 հազար 812 մարդ է:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Ֆինլանդիա պաշտոնական այցի ընթացքում այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի կորոնավիրուսի վարակի բռնկումը և սիրիական հակամարտությունը։
Հայաստանում, հիշեցնենք, կորոնավիրուսի վարակի հաստատված առայժմ մեկ դեպք կա: