Սուրեն Պապիկյանի դատվածության տեղեկությունը հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի, փոխանցում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` ԱԱԾ պաշտոնյան առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, այս տարվա հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել նախարար Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով Հայաստանի ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: