ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել է քրեական գործ` օրերս «Hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և «Lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Կառույցի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ըստ «Hraparak.am»-ի հոդվածի՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դատվածություն է ունեցել ծառայության տարիներին, և որ դա թաքցրել է իր կենսագրությունից: Պապիկյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորել էր պարզել, թե «ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ»: