Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատապարտված լինելու մասին «Հրապարակ» թերթի հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը մտահոգիչ է, անուղղակի ճնշում մամուլի նկատմամբ, ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Դա միանշանակ ճնշում է մամուլի նկատմամբ, եթե նույնիսկ ոչ ուղղակի, ապա լրատվամիջոցների աղբյուրների նկատմամբ դա ճնշում է», - ասաց Նավասարդյանը։
Օրեր առաջ «Հրապարակ» թերթն անդրադարձել էր Սուրեն Պապիկյանի կենսագրության մեջ տեղ չգտած դրվագին, թե նախկինում նախարարը դատապարտված է եղել, բայց այն թաքցրել իր կենսագրությունից։ Հղում անելով անանուն աղբյուրներին՝ թերթը գրել էր՝ զինծառայության ժամանակ Պապիկյանը հրամանատարի նկատմամբ բռնություն է գործադրել, 2006 թվականին դատապարտվել 2 տարի 3 ամիս ազատազրկման, պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներմամբ։ Թերթը շեշտել էր, որ այն մարված է և որևէ հետևանք չի առաջացնում պաշտոն զբաղեցնելու հարցում։
Հաջորդ օրը Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաստատեց դատապարտված լինելու հանգամանքը և պարզաբանեց՝ դեպքը հայկական բանակում չի եղել, միջադեպն էլ իր ազգային արժանապատվությանը վնաս հասցնելու պատճառով է եղել։
Նախարարի ուղիղ զրույցը, սակայն, ավելի շատ նվիրված էր ոչ թե միջադեպի պատճառներին, այլ այդ հրապարակմամբ իրեն սևացնելու և իր դեմ սկսված արշավի դրդապատճառներին։ Ուղիղ եթերում էլ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին, Ոստիկանության պետին խնդրեց պարզել, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկատվությունը դարձել հանրության և տարբեր լրատվականների սեփականությունը: Մեկ շաբաթ էլ չանցած հարուցվեց քրեական գործ։
«Իրենք այդ խնդրանքն ընկալել են որպես հնարավորություն՝ ծառայություն մատուցել իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի։ Եթե ինքը՝ տեղեկությունը գաղտնի չէ, եթե ինքը համապատասխանում է իրականությանը, այդ տարածում կամ տրամադրումը ինչպե՞ս կարող է անօրինական լինել, որ նույնիսկ եթե ինչ-որ մեկը, որևէ պաշտոնատար անձ՝ իրավապահ մարմնում կամ անվտանգության մարմնում աշխատող, դրանով զբաղվել է, այստեղ ոչ թե քրեական գործ պետք է հարուցվի, այլ՝ ծառայողական հետաքննություն», - նշեց Բորիս Նավասարդյանը։
Քրեական գործը հարուցվել է պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանն ասում է՝ թեև գործը լրատվամիջոցի դեմ հարուցված չէ, բայց սա լրատվամիջոցի բերանը փակելու փորձ է։
«Պարզ է, որ դա նշանակում է գտնել լրատվամիջոցի աղբյուրը, պարզել, թե ինչպես է տեղեկատվությունը հասել լրատվամիջոցին և նաև անուղղակիորեն լրատվամիջոցներին հասկացնել, որ նման հրապարակումներից հետո ձեր նկատմամբ կհարուցվեն քրեական գործեր, ձեզ կկանչեն, ձեզ կքաշքշեն, կփորձեն ձեզնից իմանալ ձեր տեղեկատվության աղբյուրները, այնպես որ շառից, փորձանքից հեռու մնացեք, մի մոտեցեք այս թեմաներին, հրապարակումներ մի արեք, մի բացահայտեք պաշտոնյաների անձնական կյանքը, նրանց կյանքի մութ էջերը, նրանց կենսագրությունից բացակայող փաստերը մի հրապարակեք։ Իմաստը սա է», - ասաց Օհանյանը։
Իրավապահները դեռ խմբագրություն չեն այցելել, լրագրողները հարցաքննության չեն հրավիրվել։ Անկախ գործի ընթացքից՝ աղբյուրները չեն հրապարակելու, վստահեցնում է Արմինե Օհանյանը։
«Տեսնում են, որ այդ քաղաքացիական հայցերով չեն կարողանում փակել մեր բերանը, մեզ զսպաշապիկ հագցնել, մեզ արգելել, որ մենք անցանկալի հրապարակումներ չանենք իշխանությունների դեմ, հիմա փորձ է կատարվում նոր մեթոդ կիրառել։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր աշխատանքի սկզբունքներից, մեր ոճից միայն այն պատճառով, որ ասենք Նիկոլ Փաշինյանին կամ Սուրեն Պապիկյանին դուր չի գալիս այդ աշխատաոճը։ Իրենք պետք է հասկանան, որ իրենք ոնց որ աշխարհի բոլոր պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք պետական բյուջեից աշխատավարձ են ստանում, պարտավոր են հաշվետու լինել, և իրենց կյանքի որևէ տվյալ չի կարող գաղտնի լինել հասարակությունից», - նշեց «Հրապարակ» թերթի խմբագիրը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը չէր ժխտել, որ այս տեղեկությունը հայտնի է շատերին և դա սենսացիոն չէ։ Միաժամանակ նշել է, որ սա անձնական գաղտնի ինֆորմացիա է, Ոստիկանության հատուկ բաժնում է պահվում, դա հասանելի կարող է լինել իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին: Մեղադրանքներ էր հնչեցրել, թե իրավապահ շրջանակի տարբեր պաշտոնյաներ հետհեղափոխական փուլում փոխանակ զբաղված լինեին Հայաստանը թալանողների հանցագործությունները բացահայտելով, տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել պետական պաշտոնյաների, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատ հավաքելով, և տվյալ անձինք այսօր խոսում են սպայի պատվից։
Սպայի պատվից խոսել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հիմա իշխանության ակտիվ քննադատն է դարձել։ Արդյո՞ք այս ակնարկները Վանեցյանին են ուղղված և քրեական գործի սլաքներն էլ այդ ուղղությամբ են, հարցրինք Բորիս Նավասարդյանից։
«Չեմ կարող բացառել, որ այն ծառայությունը, որի մասին ես ակնարկեցի, կայանում է նրանում, որպեսզի այսօր իշխանություններին քննադատող Արթուր Վանեցյանին նեղը գցեն, այսպես ասենք», - պատասխանեց Նավասարդյանը։
Երևանի մամուլի ակումբի նախագահի և «Հրապարակ» թերթի խմբագրի քննադատություններին Հատուկ քննչական ծառայությունից հակադարձել չցանկացան։ Սուրեն Պապիկյանի հետ էլ կապվել չհաջողվեց, նրա մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը փոխանցեց՝ նախարարն իր ուղիղ եթերով թեման փակել է և շեշտել՝ լրագրողի հետ խնդիր չունի: Հարցը իրավապահների տիրույթում է։