Պուտինի խոսքով՝ իրենց արդիական սպառազինությունը հավասարակշռության համար է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, 26-ը փետրվարի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ թեև ռազմական բնագավառում ծախսերի առումով Ռուսաստանը զգալիորեն զիջում է Միացյալ Նահանգներին, իրենք, այդուամենայնիվ այնպիսի գերարդյունավետ ռազմավարական զենք ունեն, որը թույլ է տալիս վստահ լինել, որ ՌԴ-ի վրա չեն հարձակվի։

«Առաջին հերթին, ես նկատի ունեմ, իհարկե, հիպերձայնային հարվածային համալիրները, այդ թվում՝ միջմայրցամաքային հեռահարության», - ասել է նա: Սրա հետ մեկտեղ Պուտինը նաև ընդգծել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում որևէ երկրի հետ պատերազմել, իսկ գերժամանակակից սպառազինությունը ստեղծում է՝ հավասարակշռություն ապահովելու համար։

«Մենք չենք ուզում ոչ մեկի հետ պատերազմել, մենք ուզում ենք ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ ոչ մեկի մտքով չանցնի մեզ հետ պատերազմել», - նշել է նա:

ՌԴ նախագահի խոսքով՝ ռազմական ծախսերի առումով ընդամենը յոթերորդ հորիզոնականում են Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից հետո: Պուտինը նաև պնդում է, որ Ռուսաստանի ծախսերը տարեցտարի կրճատվում են:

Հարցազրույցում նա նաև պատմել է, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն իրեն ափսոսանքով ասել է, թե Նահանգները չափազանց մեծ գումար է ծախսում սպառազինության համար, Պուտինի խոսքով, տարեկան 738 միլիարդ դոլար։

Հիշեցնենք, արդեն մի քանի շաբաթ է՝ պետական ТАСС գործակալությունը մաս առ մաս հրապարակում է Պուտինի հետ նոր ձևաչափով հարցազրույցը։ Անկախ դիտորդները համոզված են, որ այս հարցազրույցը մանրամասն խմբագրվել է Կրեմլում, և հարցազրույցի նպատակը Ռուսաստանի նախագահի վարկանիշի բարձրացումն է։

Ի դեպ, ռուսական դաշնային հեռուստաալիքների մեկնաբանները Պուտինի մասին խոսելիս վերջին ամիսներին ավելի հաճախ ասում են ոչ թե Ռուսաստանի նախագահ, այլ «մեր նախագահը»։

Հավելենք, այսօր Коммерсантъ թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե 2021 թվականին Պետդումայի ընտրություններում Պուտինը կարող է գլխավորել «Единая Pоссия»-ի («Միասնական Ռուսաստան») կուսակցական ցուցակները: Թերթը նշում է, որ Կրեմլի սցենարով ընտրությունների արդյունքում «Единая Pоссия»-ն պետք է զգալի մեծամասնություն կազմի Պետդումայում, ինչն իր հերթին պետք է կայունություն ապահովի երկրում 2024 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին, որոնց Պուտինն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու: Սա Պուտինի նախագահահության չորրորդ և վերջին ժամկետն է: Անկախ փորձագետների մի մասը, սակայն, չի հավատում, որ մի քանի տարի անց Պուտինը կհեռանա Կրեմլից։