Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը խոսել է նախկին և գործող վարչապետների մասին


Ռուսաստանի նախախգահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախախգահ Վլադիմիր Պուտին, արխիվ

«Ինչպե՞ս եք ապրում»։ - «Շատ լավ». - այսպես է պատասխանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ի լրագրողի հարցին։

Պետական լրատվական գործակալությունը Պուտինի հետ երեք ժամանոց հարցազրույց է վարել, որը վերնագրել է՝ «20 հարց Պուտինին»։ Այսօր հրապարակվել է այդ հարցազրույցի առաջին մասը, որում Ռուսաստանի նախագահը պատասխանել է երկրի նախկին և գործող վարչապետների մասին հարցերին։

Պուտինի խոսքով՝ Միխայիլ Միշուստինը վարչապետի հավակնորդների նախնական ցանկում չէր։ Նախագահին առաջարկել են չորս թեկնածու, սակայն Միշուստինի ազգանունն այդ ցուցակում չկար: «Ես ինքս եմ առաջարկել Միշուստինի թեկնածությունը և արդյունքում հենց նրան ընտրել», - ասել է հարցազրույցում Ռուսաստանի նախագահը՝ առանց նշելու, թե ովքեր էին այդ չորս թեկնածուները։

Պուտինի խոսքով՝ Միշուստինը, երբ ղեկավարում էր Դաշնային հարկային ծառայությունը, դարձել է թվայնացման ոլորտի մասնագետ: Միշուստինի առաքելությունն էր մեղմել հարկ վճարողների իրավիճակը և հարկային վճարումների գործընթացը դարձնել ավելի թափանցիկ ու հասկանալի: Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ Միշուստինը դա հիանալի է իրականացրել։

Վլադիմիր Պուտինը, հիշեցնենք, հունվարի 16-ին Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Մինչ այդ Միշուստինը գրեթե տասը տարի ղեկավարում էր Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը:

ՏԱՍՍ-ի հրապարակած հարցազրույցի առաջին մասում Ռուսաստանի նախագահը խոսել է նաև նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին։ Մասնավորապես՝ նա հարցազրույցում պնդում է, թե Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է կառավարության հրաժարականի հարցը. ռուսական մի շարք աղբյուրներ և փորձագետներ, հիշեցնենք, նշել էին՝ Մեդվեդևն իր կառավարության հրաժարականի մասին տեղյակ չէր:

Պուտինը հարցազրույցում չի համաձայնել, որ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը հատուկ են հորինել Մեդվեդևի համար, և որ վերջինիս պաշտոնաթողությունը նման էր հատուկ օպերացիայի։

«Մենք Մեդվեդևի հետ ընկերներ ենք և միմյանցից գաղտնիքներ չունենք։ Մեդվեդևը տեղյակ էր տեղի ունեցածի մասին», - հարցազրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք՝ 2008 թվականին Պուտինի հին ընկեր Մեդվեդևը չորս տարով ստանձնել էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը, նախագահության արդեն առաջին տարում նախաձեռնել էր սահմանադրական փոփոխություններ՝ նախագահության ժամկետը չորս տարուց դարձնելով վեց տարի, և 2011-ին հայտարարել, որ ինչպես և պայմանավորվել էր Պուտինի հետ՝ հրաժարվում է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին։

Ռուսական մամուլը գրել էր, որ Մեդվեդևը նեղացել է Պուտինից անսպասելի հրաժարականի համար։ Ռուսաստանի նախագահը ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում պնդում է, որ իրենք մնացել են ընկերներ, և իրենց տանդեմը դեռ գոյություն ունի։

Քսան տարի առաջ մարտի 26-ին Վլադիմիր Պուտինն առաջին անգամ Ռուսաստանի նախագահ էր ընտրվել։ Դիտորդները նկատում են, որ վերջին շրջանում Կրեմլը աշխատում է Պուտինի նոր իմիջի վրա։

Երեկ ռուսաստանյան Առաջին ալիքը ցուցադրել էր Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ, նոր Ռուսաստանի ամենահայտնի դեմոկրատներից մեկի՝ Անատոլի Սոբչակի մասին ֆիլմ, որում մասնավորապես մի դրվագ կա. Վլադիմիր Պուտինը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը, վտանգելով իր պաշտոնն ու ընդհանրապես քաղաքական կարիերան, կազմակերպել էր իր նախկին ղեկավար Սոբչակի տեղափոխումը Փարիզի հիվանդանոց։ Սոբչակի դեմ քրեական գործ էր հարուցված, և նրան պետք է ձերբակալեին։ Պուտինը փաստորեն փրկել է հիվանդ Սոբչակին, ում Փարիզում վիրահատել են։ Հիշեցնենք՝ Սոբչակը Ռուսաստան էր վերադարձել միայն մի քանի տարի անց, երբ Պուտինը Ելցինի ինքնակամ հեռանալուց հետո դարձել էր նախագահի պաշտոնակատար։

XS
SM
MD
LG