Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ն և Ժողճակատը կմիավորվեն, Մեդվեդևը նոր կառույցի ղեկավարների մեջ չի լինի. «Մեդուզա»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և այժմ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և այժմ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունն այս տարի միավորվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ կապվող Ժողովրդական ճակատի հետ։ Ընդ որում՝ միավորման արդյունքում քաղաքական այս նոր կառույցը կփոխի ոչ միայն անունը, այլև՝ կառուցվածքը։ Այսպես, մի նախագահի փոխարեն կլինեն երեք համանախագահներ, ավելին՝ Դմիտրի Մեդվեդևը նրանց մեջ չի լինելու և կորցնելու է կուսակցության ղեկավարի պաշտոնը։

Այս մասին երեկ երեկոյան, վկայակոչելով իր անանուն աղբյուրները Կրեմլում և կուսակցությունում, հայտնել է «Մեդուզա» ինտերնետային պարբերականը։

«Եդինայա Ռոսիա»-ն և Ժողովրդական ճակատը առաջիկա ամիսներին մտադիր են համատեղ համագումար անցկացնել, որի ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվի միավորման մասին։

Կրեմլը գնում է նման քայլի, որպեսզի ազատվի «Եդինայա Ռոսիա» անվան հետ կապված բացասական վերաբերմունքից։ Կուսակցության վարկանիշն այսօր մոտ 33 տոկոս է։ Մեկուկես տարի առաջ՝ 2018 թվականի հունիսին, օրինակ` մինչև կենսաթոշակային բարեփոխումները, իշխող կուսակցության վարկանիշը 48 տոկոս էր։

Միավորման հիմնական լոբբիստներից է Ժողովրդական ճակատի գործադիր կոմիտեի ղեկավար, Մոսկվայի մարզի նահանգապետի նախկին տեղակալ Միխայիլ Կուզնեցովը։

Նոր կառույցը, ըստ էության, նոր անվանումով «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է լինելու, որին կանդամակցեն նաև Ժողովրդական ճակատի անդամները, ասում է «Մեդուզա»-ի աղբյուրը Կրեմլում։ Ընդ որում՝ կուսակցական այս ձևափոխումն անհրաժեշտ է ավարտել մինչև սեպտեմբեր։

Կուսակցության կանոնադրության փոփոխությունները, ռուսաստանյան օրենքի համաձայն, պետք է ընդունվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, իսկ խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում նախատեսված են եկող տարվա սեպտեմբերին։

Հավելենք՝ այժմ Ռուսաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նոր՝ միավորված կուսակցության երեք համանախագահներից մեկն, ամենայն հավանականությամբ, կլինի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևը։

Մեդվեդևը, ով փաստորեն կորցնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, Պուտինի ադմինիստրացիայի այս ծրագրին ընդդիմանում է, սակայն, «Մեդուզա»-ի աղբյուրի պնդմամբ, արդեն տանուլ է տվել։

XS
SM
MD
LG