Լրացավ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու ժամկետը. ՍԴ որևէ դատավոր դիմում չի գրել

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներից որևէ մեկը չցանկացավ օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, աշխատանքից ազատվելու դիմում գրել և մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը աշխատավարձի չափով թոշակ ստանալ։ Վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու վերջնաժամկետն այսօր լրացավ։

Դիմումները պետք է ուղարկվեին Ազգային ժողովի նախագահին։ Աշխատակազմից փոխանցեցին՝ որևէ դիմում չեն ստացել։

Այս օրենքը կոշտ քննադատած խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ ազատման դիմումների բացակայությունը վկայում է՝ այս հարցում ընդդիմությունը ճիշտ էր, իշխանությունը՝ սխալ։

«Մենք ժամանակին ասել ենք, որ այս մեխանիզմը չի գործի, ասել ենք, որ եթե նման դիմում գրեն, դա կլինի նվաստացման ճանապարհ և ապագայում չեն կարող աշխատել, իրենց իրացնել գոնե իրավական համայնքում, հետևաբար ասել ենք, որ դա չի գործի։ Հիմա պարզվում է, որ մենք ճիշտ էինք այն ժամանակ, իրենք՝ սխալ», - ասաց Մարուքյանը։

Վաղ կենսաթոշակը կամավորության սկզբունքով էր։ Ընդդիմադիր պատգամավոր Մարուքյանի խոսքով՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորները հեռանային բարձր դատարանից աշխատավարձի չափով թոշակ ստանալու պայմանով, ապա այդպիսով կհաստատեին իրենց ուղղված մեղադրանքները։

«Բոլորի համար պարզ էր, որ եթե իրենք իրենց կամքով գնան էդ դիմումը գրեն, դա նշանակում է, որ իրենք ընդունելու են, որ իրենք ունեն արատավոր անցյալ, իրենք ընդունելու են, որ իրենք ինչ-որ հանցանքներ ունեն գործած և դրա համար պիտի վաղ պաշտոնաթող լինեն և այդ գումարը ստանան, գումարի դիմաց, հետևաբար մարդիկ չեն գնացել դրան, որովհետև չեն ընդունել այդ հանգամանքները։ Այսինքն՝ ի սկզբանե էլ պարզ էր, որ ոչ մեկը չի ասելու, որ «ես ունեմ հանցավոր անցյալ կամ արատավոր անցյալ, հետևաբար ինձ փող տվեք, ես գնամ տանը նստեմ»։ Ընդհանրապես մեթոդը սխալ է, որովհետև մեր հարկատուների հաշվին ինչ-որ մարդկանց երկու անգամ վճարելը նույն պաշտոնի համար սխալ է», - նշեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը տարակուսած է Էդմոն Մարուքյանի հիմնավորումներից։ Շեշտում է` վաղ կենսաթոշակը առաջարկվում էր կամավորության սկզբունքով։ Եթե դատավորները առաջարկն ընդունեին, դա դեռ չէր նշանակելու, որ իրենց ուղղված իշխանության մեղադրանքները կհաստատեին։ Օրենքի նախագծում հիմնավորումները բոլորովին այլ էին։

«Պարոն Մարուքյանը ոնց որ նախագծի հիմնավորումները երևի ժամանակ չունի կարդա։ Նախագծի հիմնավորումներում չի նշվել, որ նախագիծն ընդունվում է, որովհետև նախորդ գործող դատավորները կամ անդամները կոռումպացված են և այլն, մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը, թե ինչու այս կազմը պետք է չլինի։ Ոչ մեկ չի ասել, որ կոռումպացվածության կամ այլ տրամաբանության մեջ է սա», - ասաց Գրիգորյանը։

Վաղ կենսաթոշակի մասին օրենքը Ազգային ժողովում դեկտեմբերին ընդունվեց սուր քննադատությունների մթնոլորտում։ Ընդդիմադիրները տարբեր պիտակավորումներ հնչեցրին, ընդհուպ այն համարեցին կոռուպցիոն գործարք։ Իսկ իշխանությունը վաղ կենսաթոշակը համարում էր Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներից մեկը և պետության մեկնած ձեռք՝ դատավորներին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացատրություն չունի, թե ինչո՞ւ դիմումներ չգրվեցին։ Ասում է՝ գուցե բարոյական ճնշումը դեր ունեցավ։

«Դե, օրինակ, որ «գիտե՞ք, համաձայնվելը բարձր թոշակի էս իրավիճակում՝ դա փողով գնում է և այլն, ձեզ կաշառում են», ստեղծում են էդ մթնոլորտը անձանց շուրջ, և անձինք որպեսզի բարոյական խոչընդոտներ ունենան՝ դիմելու կամ չդիմելու ինչ-որ քայլի», - ասաց Բադասյանը։

Վաղ կենսաթոշակի մասին օրենքը նպատակին չծառայեց, հանրաքվեով կորոշվի Սահմանադրական դատարանի ճակատագիրը, ասում է նախարարը։

«Հանրաքվեն նշանակված է, արդեն սահմանադիրն է որոշելու հետագա ճակատագիրը, կորոշի, կտեսնենք», - նշեց Ռուստամ Բադասյանը։

Վաղ կենսաթոշակի մասին օրենքը վերաբերում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և վեց անդամին, որոնց լիազորությունների դադարեցման հարցով ապրիլի 5-ին հանրաքվե կանցկացվի։ Այն չէր վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Վաղ կենսաթոշակին ուղղված քննադատությունների պակաս չեղան նաև օրենքի հասցեատերերից։ Այսօր նրանց հետ խոսել չհաջողվեց, բայց ավելի վաղ կարծիքներ հնչել էին։ Ալվինա Գյուլումյանը բարոյական չէր համարել տանը նստած անաշխատ գումար ստանալ։ Արևիկ Պետրոսյանը հայտարարել էր, թե իր կենսագրության յուրաքանչյուր էջ լրացրել է պատվով և չի օգտվի այդ օրենքից։ Հրայր Թովմասյանն էլ ասել էր, թե եթե կարծում են, որ «կաշառք» պիտակավորված օրենքից դատարանից որևէ մեկը կօգտվի, ուրեմն լավ չեն ճանաչում նրանց։ Ֆելիքս Թոխյանն ու Աշոտ Խաչատրյանն այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեցին, հորդորում էին սպասել։ Հրանտ Նազարյանն ու Արայիկ Թունյանը ընդհանրապես չանդրադարձան այս օրենքին։ Բարձր դատարանից միայն Վահե Գրիգորյանի կարծիքն էր դրական, վաղ կենսաթոշակը համարում էր ճգնաժամի լուծումներից մեկը։