Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների գործով դատավարությունը շուրջ մեկ տարի է ձգձգվում է՝ չհասնելով բուն գործին։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ սա միտումնավոր է կատարվում՝ նախկին նախագահն ակնկալիքներ ունի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանից։
Ստորև՝ հատված Անդրանիկ Քոչարյանի հետ «Ազատության» հարցազրույցից.
«Ազատություն». – Շուրջ մեկ տարի ձգձգվող այս դատավարությունը բուն գործին չի էլ հասնում։ Դրա նպատակը ո՞րն է՝ այդ ձգձգելու։
Անդրանիկ Քոչարյան. – Ձգձգելը. ինչքան հնարավոր է ձգձգեն՝ սպասելով ինչ-որ բանի, երկնքից երեք խնձորի, որոնք էդպես էլ չեն ընկնում։
«Ազատություն». – Երկնքի՞ց, թե՞ Սահմանադրական դատարանից։
Քոչարյան. – Ես կարծում եմ՝ խնձորներից մեկը պետք է փնտրել Սահմանադրական դատարանի ընդունարանում կամ երրորդ հարկում, չգիտեմ։ Բայց դա շատ բարդ է, որ էդ խնձորը կհայտնվի էնտեղ, որովհետև այդ հնարավոր զարգացումները շատ արագ նկատվեցին և կանխվեցին գուցե, կամ դեռ կանխման փուլում են։ Եվ կարծում եմ, որ էդտեղ չի խնդրի լուծումը։ Իրենք պետք է արագ, եթե ուզում են Ռոբերտ Քոչարյանին վերադարձնեն քաղաքական դաշտ՝ այն, ինչ որ իրենք հայտարարում են, պետք է օր առաջ սկսած լինեին դատաքննական պրոցեսը և փորձեին արդարանալ դատարանում, և ոչ թե քննությունը անընդհատ խոչընդոտներ հարուցելով՝ սպասել այդ երեք խնձորներից գոնե մեկին։ Չի՛ ընկնելու։
«Ազատություն». – Իր մի պնդման մասին, որ «ինձ ինչքան ուզում եք դատեք, այս դատավարությունը սպանությունների հետ կապ չունի, չեք բացահայտում դրանք»։
Քոչարյան. – Ես էլ ասում եմ՝ «եթե դուք այն ժամանակ այդ որոշումները չկայացնեիք, սպանություններ պարզապես տեղի չէին ունենա»։ Փայտը երկու ծայրից է՝ որտեղից ենք մոտենում։ Ըստ էության, նախաքննական մարմինը մոտեցել է հենց վերևից, այսինքն՝ որոշումների ապօրինի կայացման ամբողջ գործընթացը, ըստ էության, բացահայտել է, և հատորները, 800 վկայությունները՝ դրանք այն վկայություններն են, որի միջոցով շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել։
Նույն էս դատավարության ձգձգումը թույլ չի տալիս, որ գոնե մի հատ Տիգրան Թորոսյանին [ԱԺ նախկին նախագահ] հարցնեն՝ «էդ որ ամբիոնից խոսում էիր կրակողների մասին, ո՞ւր են էդ կրակողները»։
Զինված ուժերի մասնակցությունը ամբողջությամբ բացահայտված է, Արցախից Հայաստան տեղափոխված կոնտինգենտի մասնակցությունը ամբողջությամբ բացահայտված է, ապօրինի հրամանները և սահմանադրական կարգի փոփոխության հետ կապված բոլոր դրվագները բացահայտված են։ Մնում է՝ Ռոբերտ Քոչարյանը դատարանում կարողանա ապացուցի, որ ինքը դրա հետ կապ չի ունեցել, կապ է ունեցել մեկ այլ նախագահ, որի մասին հայ ժողովուրդը տեղյակ չի եղել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.