Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով հերթական նիստը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացել այն մասին, որ նիստին չի ներկայանալու Յուրի Խաչատուրովի թարգմանիչը, և այս կարճ ժամանակում դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի ներկայություն: Դրանից ելնելով՝ դատական նիստը հետաձգվեց առանց որևէ դիմումի, միջնորդության քննության:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին:
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դադարեցնել քրեական հետապնդումը։ Նախկին նախագահի փաստաբանների միջնորդության հիմքում այն է, որ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը 2008-ին չի եղել, հետևաբար երկրորդ նախագահը չի կարող հետապնդվել: Նախորդ դատական նիստին ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը՝ մեղադրելով դատարանին գործի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։