Կորոնավիրուսը շարունակում է տարածվել մոլորակի վրա։ Վարակման դեպքեր են գրանցվել բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի:
Իտալիայում գրանցվել է մահվան 11 դեպք, վարակման նոր դեպքեր են գրանցվել Ավստրիայում, Խորվաթիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և արդեն Հայաստանի հարևան Վրաստանում:
Ռուսաստանը սահմանափակում է թռիչքները դեպի Հարավային Կորեա, պատրաստվում է վիզաներ չտրամադրել իրանցիներին և իր քաղաքացիներին խնդրում է չմեկնել Իտալիա:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստանի սահմաններից դուրս այժմ ավելի շատ նոր դեպքեր են գրանցվում, քան Չինաստանում: Անցած մեկ օրում Չինաստանից դուրս գրանցվել է վարակի 459 նոր դեպք և հասել 2 հազար 918-ի՝ 37 երկրներում, զոհերի թիվը հասել է 43-ի՝ մեկ օրում ավելանալով 9-ով։
Չինաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 433-ով, որից 409-ը՝ համաճարակի օջախ Հուբեյ նահանգում, մահացածների թիվն ավելացել է 29-ով, այդ թվում 26-ը՝ Հուբեյում, բուժվածներինը՝ 2 հազար 750-ով։
Երկրում արդեն հաստատված է վարակի 78 հազար 497 դեպք, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 հազար 744-ի, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 32 հազար 495 մարդ։