Սերժ Սարգսյանը որևիցե ասելու բան չունի, պնդում է Արմեն Գրիգորյանը

Այսօր նշանակված է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։

Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, մինչդեռ ավելի էժան գնային առաջարկ էր ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը։

Պաշտոնաթող նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը և փաստաբանները պնդում են, թե պետության նախկին ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նաև այս թեմայի շուրջ է «Ազատություն»-ը զրուցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Սերժ Սարգսյանի դատավարությունն է մեկնարկում, նախատեսված է աջակիցների հավաք, իսկ նա արդեն փաստաբանների միջոցով ըստ էության ձեզ մեղադրում է իրեն լռեցնելու, քաղաքական հետապնդման մեջ։

Արմեն Գրիգորյան. – 2018 թվականին Սերժ Սարգսյանին ամբողջ հայ ժողովուրդը մերժել է, և այս մերժումը իրականում համահայկական է, որովհետև նույնիսկ կարող եմ ասել՝ Արցախում Սերժ Սարգսյանի ռեյտինգը 10 տոկոսից ավել չի, սա հստակ փաստն եմ ասում։ Եվ այդ տրամաբանության շրջանակներում՝ մերժված լինելու դեպքում էլ ո՞նց կարելի է լռեցնել։ Սերժ Սարգսյանը որևիցե ասելու բան չունի։

Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում ստեղծված այն պրոպագանդայի փուչիկները, որը իր կողմից է ստեղծվել, հիմնականում իր ականջի մոտ են պայթում, որովհետև 2008-ի կողմերը հիմնականում պրոպագանդաներից մեկը, որ նա տանում էր, դա այն էր, որ մազութ է գողացվել 90-ականներին, և դրա հեղինակը հիմնականում, պրոպագանդայի առաջատարը ինքն էր, այդ պրոպագանդայի արդյունքում պարզվեց, որ Սերժ Սարգսյանը դիզելի գործով կասկածյալ է։

Եվ էսպիսի շատ դեպքեր կան, երբ որ Սերժ Սարգսյանը պրոպագանդա է տարել, բայց վերջում պարզվել է, որ ինչպես հայտնի խոսքերում կա, որ գողը առաջինը ինքն է խոսում այլոց գող լինելու մասին, էսպիսի մի բան է Սերժ Սարգսյանի մոտ, և կարծում եմ, որ քանի որ էջը փակված է՝ նրա և նրան սատարող կամ իր տակ գտնվող քաղաքական ուժի, ևս մեկ անգամ առիթը օգտագործելն է մեզ ինչ-որ բանում մեղադրելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.