Մատչելիության հղումներ

Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրգործը


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին հայտնում է Datalex տեղեկատվական համակարգը։

Դատական գործը կքննի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Դատական նիստի օր առաջիկայում նշանակված չէ։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը հունվարի 29-ին հաստատել էր Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։

Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս 4 մեղադրյալները՝ Բեգլարյանը, Կարապետյանը, Գալստյանը և Հարությունյանը։

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։

Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:

XS
SM
MD
LG