Արսեն Թորոսյան. Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը հարևան Իրանում և այս իսկ պատճառով սահմանը փակելու վերաբերյալ տարբեր կոչերին` Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հիշեցրեց` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում. - «Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը, և իմաստ էլ չկա, բայց այսօր և վաղը քննարկելու ենք նման հնարավորությունը, ինչպես արեցինք Չինաստանի դեպքում` հանելով ազատ վիզային ռեժիմը, և փաստացի մենք այսօր Չինաստանի քաղաքացի գրեթե չունենք Հայաստան մտնող»,- հայտարարեց նախարարը:

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ այս հարցի վերաբերյալ զրուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

«Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը»,- գրառման մեջ նշել է Նարեկ Զեյնալյանը։

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց:

Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակավորապես կասեցված է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:

Հիշեցնենք, որ Թեհրանում երեկ հինգերորդ մարդն է մահացել կորոնավիրուսից: Երկրում ախտահարվածների մեծ մասը Քոմ քաղաքում են, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելել են սեփական քաղաքացիներին այցելել Իրան, այս պահին այդ երկրում գտնվողներն, իրենց հերթին, թագավորություն կարող են վերադառնալ 14-օրյա կարանտինից հետո միայն: