Դատախազությունը չի վերաորակում Բաբլոյանի և Բաբայանի մեղադրանքը՝ ապահովելու համար նրանց իրավունքները

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է, թե ինչու հենց դատախազը չի փոփոխում Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց՝ դատախազը կարող է վերաորակել մեղադրանքը, բայց այս դեպքում չի անի այն՝ մեղադրյալների իրավունքներից ելնելով։ Դատախազի վերաորակումից հետո կհաստատվի մեղադրական եզարակացությունն ու գործը կուղարկվի դատարան, իսկ այս դեպքում մեղադրյալները հնարավորություն չեն ունենա միջնորդություններ ներկայացնել նախաքննական մարմին։

«Դա պրակտիկայում ապպացուցված բան է, և հաշվի առնելով այդ հնարավոր հետևանքները և ապահովելու համար գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց իրավունքների պատշաճ իրացման հնարավորությունը և երաշխավորելու համար այդ հնարավորությունը՝ ընտրվել է այս տարբերակը, այսինքն՝ այդ որոշումը, համաձայն որի գործը ուղարկվում է լրացուցիչ քննության՝ դատախազի կողմից համապատասխան ցուցումներով», - ասաց Աբրահամյանը։

Մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) դեռևս չի մանրամասնում՝ կատարե՞լ է Գլխավոր դատախազության ցուցումը՝ փոփոխելով Արա Բաբլոյանի և նրա նախկին աշխատակից Արսեն Բաբայանի մեղադրանքը, թե՞՝ ոչ։

Օրերս Դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել մեղադրական եզրակացությունն ու այն հետ էր ուղարկել ՀՔԾ՝ որոշակի առաջարկություններով։ Ըստ Դատախազության, նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները և երկուսին էլ պետք է նոր մեղադրանք առաջադրի։ Հատուկ քննչական ծառայությունը, չհամաձայնելով Դատախազության դիրքորոշմանը, առարկել է, ինչը, սակայն, Դատախազությունը չի ընդունում։

«Ազատության» հետ զրույցում Արսեն Բաբայանը ենթադրություն հայտնեց՝ իրավապահները ժամանակ են ձգձգում, որ ավարտին հասցվի սահմանադրական փոփոխությունների համար նախատեսված հանրաքվեն, ինչից հետո էլ՝ կախված արդյունքներից, կորոշեն այս գործի ելքը։ «Այո»-ի հաղթանակի դեպքում, չի բացառվում, որ այն կկարճվի, կարծում է Բաբայանը։

«Այս գործի ամբողջ իմաստը նրանում էր, որ կարողանան Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ ճնշում գործադրեն։ Ենթադրում եմ, որ եթե ապրիլի 5-ին կհաղթի «Այո»-ն, ապա որևէ կերպ, որևէ հարմար պահի, անաղմուկ պահի այս գործը անաղմուկ կերպով կկարճեն՝ հանցադեպի բացակայության [հիմքով], որովհետև քրեական գործի նյութերն ամբողջությամբ վկայում են այն մասին, ապացուցում են այն փաստը, որ դեպք տեղի չի ունեցել», - ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը։

Արա Բաբլոյանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար, Արսեն Բաբայանը՝ իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիքի համար: Մինչդեռ Դատախազության կարծիքով՝ նախկին պաշտոնյաները իշխանությունը չեն յուրացրել. Բաբլոյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իսկ Բաբայանը՝ օժանդակել այս արարքի կատարմանը։ Երկու նախկին պաշտոնյաներն էլ մեղադրանքը չեն ընդունում։

Բաբայանը պնդում է՝ Դատախազությունը պետք է կարճեր այս քրեական գործը, ոչ թե առաջարկեր փոփոխել մեղադրանքը. - «Որովհետև քաղաքական որոշումը չկա։ Ուրեմն տեսեք, վստահեցնում եմ՝ այս գործընթացը, հաշվի առնելով նաև, որ երկրորդ անգամ է այս շրջափուլը տեղի ունենում, սա համաձայնեցված գործողություններ են՝ Հատուկ քննչական ծառայության, Դատախազության և բարձրագույն իշխանության կողմից, սա հստակ պլանավորած գործողություններ են»։ «Այսինքն՝ իրենց թիրախը ոչ թե Դուք եք կամ Բաբլոյանը, այլ՝ Հրայր Թովմասյանը», - այս դիտարկմանը Բաբայանն արձագանքեց. - «Իհարկե, ակնհայտ է դա»։

ՀՔԾ-ում այս քրեական գործը հարուցվել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Նա, դիմելով Գլխավոր դատախազություն, հայտարարել էր՝ 2018-ին հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։ Թովմասյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Ըստ ՀՔԾ-ի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մարտի 5-ին ստացած դիմումը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բաբայանը թվագրել է մարտի 2-ով:

Իշխանության յուրացման համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում, իսկ Դատախազության առաջարկած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ 2-6 տարվա: Բացի այդ, եթե Դատախազության ներկայացրած տարբերակով հաստատվի մեղադրանքը, ապա թե՛ Արա Բաբլոյանի և թե՛ Արսեն Բաբայանի քրեական գործը կկարճվի 2018 թվականին ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, մինչդեռ ՀՔԾ-ի առաջադրած՝ իշխանության յուրացման հոդվածի վրա համաներումը չի տարածվում։