Մատչելիության հղումներ

Դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները


ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արխիվ
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արխիվ

Գլխավոր դատախազությունը կրկին չի հաստատել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): Ըստ դատախազության, նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները։

Սա արդեն երկրորդ անգամն է, որ դատախազությունը չի հաստատում երկու նախկին պաշտոնյաների մեղադրանքը։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։ Դատախազությունը մինչդեռ պնդում է՝ իշխանությունը յուրացնելու փոխարեն Բաբլոյանին պետք է մեղադրանք առաջադրել այլ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Բաբլոյանը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց՝ դատախազության դիրքորոշումը պարտադիր կատարման ենթակա է, ինչը ՀՔԾ-ն մեկ անգամ արդեն չի կատարել։

«Դատախազի դիրքորոշման և որոշման դեմ քննիչը կարող է ներկայացնել առարկություն, տեղեկացնեմ, որ առարկություն ներկայացվել էր ըստ վերադասության։ Ըստ վերադասության նշված առարկությունը ճանաչվել էր ակնհայտ անհիմն և որոշումը թողնվել էր ուժի մեջ», - նշեց փաստաբանը։

ԱԺ նախկին նախագահը բազմիցս է հայտարարել՝ կատարել է իր պարտականությունները օրենքի սահմաններում։ Փաստաբան Վարդևանյանը պնդում է՝ իրենք պահանջում են դադարեցնել քրեական հետապնումը, ոչ թե փոփոխել հոդվածը։ Բայց դատախազության այս դիրքորոշումից փաստաբանը դժգոհ չէ։

«Մյուս կողմից դատախազության դիրքորոշումը 308-րդ հոդվածի հետ կապված, անկեղծորեն եմ ասում, ինձ համար այնքանով է զարմանալի, որովհետև իսկապես այս պարագայում քրեական գործը պետք է պարզապես կարճվի։ 314-րդ հոդվածը՝ պաշտոնական կեղծիք, այն համաներման ենթական արարք է եղել քրեական գործը հարուցելու պահին, 308-ը ևս համաներման ենթական արարք է», - ասաց Վարդևանյանը։

Իշխանության յուրացման համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում, իսկ դատախազության առաջարկած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ 2-6 տարվա: Բացի այդ, եթե դատախազության ներկայացրած տարբերակով հաստատվի մեղադրանքը, ապա թե՛ Արա Բաբլոյանի և թե՛ Արսեն Բաբայանի քրեական գործը կկարճվի 2018-ին ընդունված համաներման մասին օրենքի համաձայն։ Մինչդեռ ՀՔԾ-ի առաջադրած՝ իշխանության յուրացման հոդվածի վրա համաներումը չի տարածվում։

Արամ Վարդևանյանը նշեց՝ Բաբլոյանը, սակայն, չի համաձայնի համաներմանը՝ իրեն մեղավոր չճանաչելու պատճառով։

«Ինչի՞ անձը պետք է համաձայնվի ինչ-որ մի գործողության, եթե առհասարակ իր գործողություններում որևէ ոչ իրավաչափ հատկանիշ կամ ապացույց ընդդեմ նրա չկա», - ընդգծեց փաստաբանը։

Դատախազությունը նույն պնդումն անում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքի վերաբերյալ։ ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Մինչդեռ դատախազության կարծիքով, նրա արարքը համապատասխանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու հոդվածին։

Երբ դատախազությունը այս գործը առաջին անգամ հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, կառույցի պետ Սասուն Խաչատրյանն «Ազատության» հետ հարզազրույցում ասել էր, որ ըստ էության դատախազի կարծիքը մեղադրանքի որակման մասով փոքր-ինչ տարբերվում է քննիչի կարծիքից։

«Մենք գտնում ենք, որ այդ փաստաթղթերի կեղծիքը, հետին թվով էդ փաստաթղթերը մուտք անելը նպատակ է ունեցել հենց պետական իշխանությունը յուրացնելու, այսինքն Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացնելու։ Դատախազը մի փոքր այլ դատողություններ է անում իր որոշման մեջ, ինքն ընդունում է, որ այս կեղծիքները եղել են և պաշտոնական կայքէջում այս տեղեկատվությունը հետին թվով տեղադրվել է, այս ամեն ինչը դատախազը նույնպես ընդունում է», - նշեց Խաչատրյանը։

Ըստ ՀՔԾ պետի, իրենց ձեռքի տակ եղած ապացույցները վկայում են, որ իսկապես կեղծիք կատարվել է։

«Մենք զննել ենք Սահմանադրական դատարանի ելից փաստաթղթերի մատյանը։ Ելից փաստաթղթերի մատյանում սևով սպիտակի վրա գրված է, որ համար այսինչ գրությունը, համար 7 գրությունը Սահմանադրական դատարանի գրասենյակից ելքագրվել է ամսի 5-ին, հիմա ինձ ասեք՝ ամսի 5-ին ելքագրված գրությունը կարո՞ղ էր ամսի 2-ին մուտքագրվել», - ասաց Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ-ում այս քրեական գործը հարուցվել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Նա, դիմելով Գլխավոր դատախազություն, հայտարարել էր՝ 2018-ին հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։ Հրայր Թովմասյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Ըստ ՀՔԾ-ի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մարտի 5-ին ստացած դիմումը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը թվագրել է մարտի 2-ով:

Ըստ դատախազության այսօրվա հայտարարության, այս պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել են իրենց լիազորությունները և կատարել պաշտոնական կեղծիք։ Ըստ այդմ, մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնում մինչև 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու, այդ գործընթացը բնականոն ընթացակարգով իրականացնելու պատրանք են ստեղծել։ Եվ որ ընդունել են այդ ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը, ներկայացրել են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը, և 2018 թվականի մարտի 21-ի հերթական նիստում վերջինս նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ Սահմանադրական դատարանի օրինական շահերին, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

«Ազատությանը» Արա Բաբլոյանը փոխանցեց. «Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ամենաառանցքային հարցը և որոշիչ օրերը, այդ թվում ըստ քրեական գործի նյութերի, հանդիսանում են. մարտի 5-ը, երբ հրապարակվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականը, և մարտի 12-ը, երբ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 7-օրյա ժամկետի պահպանմամբ հայտարարություն է ստորագրվել Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ»:

Բաբլոյանը նշեց, որ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացվել է ՍԴ նախագահի թեկնածու:

«Ազգային ժողովի նախագահի պարտականությունն է ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ինչը իրականացվում է պատգամավորների և աշխատակազմի գործունեության միջոցով: Վերջիններս մշակելով համապատասխան փաստաթղթերը, ղեկավարվելով վերաբերելի օրենքով, տրամադրել են ինձ Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի և հետագա գործընթացի վերաբերյալ հայտարարությունները ստորագրության, ինչը և ես արել եմ», - հայտնեց Արա Բաբլոյանը՝ ասելով, որ երբեք չի միջամտել ԱԺ աշխատակազմի գործունեությանը և որևէ կերպ չի ուղղորդել իրենց:

«Որևէ մեկ պատգամավոր, նույնիսկ այն պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել, չեն հայտնել առարկություն կամ հանդես եկել նախաձեռնությամբ «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթների վերաբերյալ կամ կասկածի տակ են դրել գործընթացի օրինականությունը: Ես որպես այդ նիստին մասնակցած պատգամավորներից մեկը, հավասար մյուս 93 պատգամավորների հետ, մասնակցել եմ այդ քվեարկությանը», - ասաց ԱԺ նախկին նախագահը:

Անդրադառնալով «Ազատությանը» Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի տված հարցազրույցին, Ազգային ժողովի նախկին նախագահը հայտարարեց. «Չեմ կարող չհայտնել զարմանքս, թե ինչու նույն Խաչատրյանը չի ավելացնում, որ այդ նույն քրեական գործի նյութերից հաստատվում է, որ այդ նշումը մատյանում կատարած անձը այն անելու պահին չի տեսել ինձ հասցեագրված գրությունը, քանի որ այն այլևս չի եղել Սահմանադրական դատարանում: Ավելին՝ նույն անձը հայտնել է, որ այդ նշումը կատարել է այդպես, ոչ թե որովհետև այդ պահին է ելքագրվել, այլ պարզապես տեղեկացել է դրա մասին այդ ժամանակ: Ինչու ՀՔԾ պետը չի նշում, որ Առուշան Հակոբյանը իր «Հրապարակ» օրաթերթին տրված հարցազրույցում հստակ հայտնել է, որ մարտի 2-ին է ինձ հասցեագրված գրությունը ուղարկել Ազգային ժողով: Ինչպես հայտնել եմ, իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրության և օրենքին համապատասխան, և այս քրեական գործը համարում եմ ապօրինի»:

XS
SM
MD
LG