Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն մերժել է Բաբլոյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը


Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից:

Պաշտպան Արամ Վարդևանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդություն էր ներկայացրել, քանի որ դատախազը չէր հաստատել Բաբլոյանի մեղադրական եզրակացությունը, գործը վերադարձրել էր ՀՔԾ՝ լրացուցիչ քննության, բացի այդ Արա Բաբլոյանն այս ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և ՔՕ 314-րդ հոդվածը, որի հիման վրա կառուցված է մեղադրանքը, համաներման ենթակա է:

Արա Բաբլոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Հատուկ քննչական ծառայությունը պնդում է՝ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախագահը հայտարարի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ այդ դիմումը Արա Բաբլոյանը դեռ չէր ստացել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է ՍԴ նախագահ. Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:

XS
SM
MD
LG