Մարդու կյանքը բարձրագույն արժեք է, բանակում՝ առավել ևս, շեշտում է իրավապաշտպանը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, որին մասնակցեցին ուժային կառույցների ղեկավարները։

Վերջին շրջանում քաղաքացիների վրդովմունքն է առաջացրել այն փաստը, որ այս տարվա մեկուկես ամիսների ընթացքում բանակում խաղաղ պայմաններում արդեն տասնյակից ավելի զինծառայող է մահացել։

Հաղորդվում է, որ վարչապետի մոտ խորհրդակցությանը մանրամասն անդրադարձ է կատարվել Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին։ Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին։

Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ քննարկման արդյունքում կայացվել են կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ։

Թեմայի շուրջ «Ազատություն»-ը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Զարուհի Հովհաննիսյան. – Ցանկացած մարդու կյանքի կորուստ՝ դա պետք է դիտարկվի մանրադիտակի ներքո՝ ինչու է դա կատարվել, արդյոք հնարավոր էր կանխարգելել և արդյոք դա մեր բացթողումների արտացոլանքը չէ։ Որովհետև մարդու կյանքը բարձրագույն արժեք է, բնականաբար, և բանակում՝ առավել ևս, որովհետև ծնողները վստահում են պետությանը իրենց երեխայի կյանքը, առողջությունը և նրա իրավունքների պաշտպանությունը, և ուստի և պետությունը իր բոլոր ռեսուրսներով պիտի կենտրոնացած լինի անձի իրավունքների պաշտպանության վրա, հատկապես՝ կյանքի իրավունքի պաշտպանության վրա։

Եթե մենք դիտարկում ենք, որ չորս դեպք առողջական խնդիրներով է, ուրեմն՝ ա) կամ զորակոչի ժամանակ վեր չեն հանվել այդ առողջական խնդիրները, բ) կամ ընթացքում, երբ որ անձը ծառայել է, բավարար, պատշաճ ուշադրություն չի դարձվել նրա առաջացած առողջական խնդիրների վրա և պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել անձին։

«Ազատություն». – Հանրության արձագանքը շատ արդարացի է և Ձեր կարծիքով ադեկվատ է։​

Հովհաննիսյան. – Ոչ միայն արդարացի է, այլև մի փոքր էլ ուշացած է, որովհետև տարիներ շարունակ, երբ բարձրաձայնում էինք բանակում առկա խնդիրները, շատ հաճախ հանրությունը էսպիսի անտարբերության քողի էր մատնում և ասում էր, որ իրավապաշտպանները միգուցե շատ են, այսպես ասած, գույները խտացնում, ուռճացնում, կամ՝ բանակում էդպես միշտ եղել է ու կլինի, այսինքն՝ եթե էդպես միշտ եղել է, ուրեմն՝ պետք է մենք թողնենք, որ շարունակի՞ լինել։ Ի վերջո, մենք փոփոխություն ենք կատարել երկրում, և բանակի խնդիրները նաև հանգուցային էին այս փոփոխությունների տեսանկյունից, որովհետև նույն բանակի վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում եղել են բողոքի բավականաչափ սուր ակցիաներ, և քաղաքացիական հանրությունը բանակի խնդիրները դիտարկել է որպես առանցքային այս երկրի համար, և ոչ-կանոնադրական հարաբերությունների հարցը դիտարկվել է որպես առանցքային այս երկրում։ Եվ հեղափոխությունից հետո հղում կատարել, որ այդպես սուր պետք չէ արձագանքել, ես կարծում եմ՝ ուղղակի խնդրի ոչ լրիվ դիտարկում և խնդրից ուշադրության շեղում։

Պաշտոնանկությունները, իհարկե, կարող են ինչ-որ չափով զսպել իրավիճակը, այսինքն՝ նոր նշանակված պաշտոնյան միգուցե առավել զգոն լինի, որպեսզի չարժանանա նախկինի բախտին, սակայն մենք պետք է համակարգային վերլուծության ենթարկենք ամբողջ իրավիճակը։

«Ազատություն». – Ձեր կարծիքով՝ առաջին երեք հիմնական գործողությունները որո՞նք պետք է լինեն, շտապ գործողությունները, որոնք կփոխեն, ամեն դեպքում, կամ կկոտրեն այս քարացած վիճակը։ Նաև հայտնի է, որ, այսպես ասած, գողական, կրիմինալ բարքերը էնտեղ էլ տեղ ունեն։

Հովհաննիսյան. – Դե, գողական, կրիմինալ բարքերի հետ կապված՝ ես ավելի փոքր բան եմ տեսնում էդտեղ, որովհետև եթե հրամանատարական կազմից դա չգա, որովհետև բազմաթիվ քրեական գործերը, որոնք մինչ այժմ քննվել են, և մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես են դրանք քննվել, այդտեղ ստվերային երևում էր հրամանատարական կազմի մտածելակերպի ազդեցության, ներգործության, չգրված օրենքների...

«Ազատություն». – Այսինքն, զինվորներից չի գալիս՝ դա հրամանատարական կազմից է...

Հովհաննիսյան. – Իհարկե, դա իհարկե հրամանատարական կազմից է գալիս, որովհետև զինվորները կարող են, իհարկե, ենթարկվել այն անձին, որը ունի հեղինակություն, որը ունի օրենքով տրված լիազորություններ՝ այդտեղ կարգուկանոն հաստատելու։