Քննչական կոմիտեում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: ՔԿ լրատվական բաժնի փոխանցմամբ՝ քննարկվել են վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ քննվող քրեական գործերը:
Հանձնարարվել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ մահվան ելքով դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ, քննության ընթացքում ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ու շահերի լրիվ ծավալով իրականացումը, վերջիններիս, ինչպես նաև ողջ հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեպքերի հանգամանքների և քննության ընթացքի վերաբերյալ՝ հնարավորինս հրապարակային դարձնելով գործընթացը` միաժամանակ չխախտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները չհրապարակելու վերաբերյալ օրենսդրական պահանջը:
Այս տարվա սկզբից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր: