Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հրաժարական չեմ պատրաստվում տալու», - ասաց նա:

Արտակ Դավթյանը հրավիրվել էր Ազգային ժողով՝ մասնակցելու Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված քննարկմանը՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ:

ԶՈւ ԳՇ պետը նաև հաստատեց, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն:

«Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականի վերաբերյալ, կարծում եմ, դա մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի ու նախարարի խնդիրն է», - ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պարզաբանելով. - «2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 զինծառայողների մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»:

Իսկ այսօր վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ երեկ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ:

XS
SM
MD
LG