Առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է վարակի նոր դեպքերինը

Չինաստան - Կորոնավիրուսից մահվան հերթական դեպքը Ուհանի հիվանդանոցում, 16-ը փետրվարի, 2020թ.

Նոր կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանի տարածքում հասել է 2004-ի: Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ փետրվարի 18-ի ժամը 24-ի դրությամբ վարակվածների թիվը 74 հազար 185 է, որոնցից ծանր վիճակում են 11 հազար 977-ը, բուժվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 14 հազար 376-ը։

Վերջին մեկ օրվա ընթացքում վարակի 1749 նոր դեպք է գրանցվել, մահվան 136 դեպք, որից 132-ը՝ վարակի օջախ Հուբեյ նահանգում։ Հուբեյում համաճարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1921-ի։

Նշվում է, որ առաջին անգամ մեկ օրում բուժվածների թիվը գերազանցել է վարակի նոր դեպքերինը՝ համապատասխանաբար 1824 և 1749։

Հաղորդվում է նաև, որ Չինաստանից դուրս կորոնավիրուսի վարակի 1011 դեպք է հաստատվել՝ շուրջ երեք տասնյակ երկրներում, դրանց թվում է Diamond Princess զբոսանավի վրա գրանցված 542 դեպքը։

Նոր վարակի կապակցությամբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։