Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանի տարածքում հասել է 72 հազար 436-ի: Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ փետրվարի 17-ի ժամը 24-ի դրությամբ վարակից մահացել է 1868 մարդ, բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 12 հազար 552-ը։
Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 1886 նոր դեպք է գրանցվել, մահվան 98 դեպք, որից 93-ը՝ վարակի օջախ Հուբեյ նահանգում։ Հուբեյում վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1789-ի։
Շուրջ երեք տասնյակ այլ երկրներում վարակի ավելի քան 500 դեպք է գրանցվել: Մահվան մեկական դեպք է արձանագրվել Ֆրանսիայում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում և Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։
Մեկ շաբաթ հետաձգելուց հետո, այսօր Ուկրաինան պլանավորում է ինքնաթիռ ուղարկել Չինաստան և տարհանել իր 49 քաղաքացիներին ու ևս 25 օտարերկրացիների: Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոյի խոսքով՝ թռչելու թույլտվություն կստանան վիրուսի ախտանիշներ չունեցող անձինք, և Կիև ժամանելուն պես նրանք 14 օր մեկուսացված կլինեն: