Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանի գործն այսօր մտավ դատաքննության փուլ։
Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ իր ենթական փաստացի կառավարում է «Զորաշեն» ընկերությունը, որը փորձում է ներգրավվել հեմոդիալիզի գնման մրցույթներում։
Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Մինչդեռ Սանասարյանը կրկին պնդեց, թե ինքը մեղավոր չէ, և որ այս գործընթացը սկսվեց այն ժամանակ, երբ ստանձնեց նույն այս ոլորտում հեմոդիալիզի գնումների ուսումնասիրությունը և պարզեց, որ դրանք խախտումներով ու չարաշահումներով են ուղեկցվել, և որ տարիներ շարունակ մասնավորապես «Ֆրեզեն» ընկերությունն է մատակարարել այդ սարքավորումները։
Հենց այս ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը անցած փետրվարին ահազանգել էր, որ պետական մակարդակով իրենից բիզնես են խլում։ Սրանից հետո հարուցվեց Սանասարյանի այս քրեական գործը։
Մյուս կողմից էլ դրանից հետո, Սանասարյանի այս ուսումնասիրությունների հիման վրա անցած ապրիլին Գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ, որով, սակայն, կասկածյալներ չկան։
Հեմոդիալիզը կիրառվում է սուր երիկամային անբավարարության դեպքում՝ պահպանելով հիվանդի կյանքը։
Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իր նախկին աշխատակից Սամվել Ադյանի հետ մտերիմ հարաբերություններ չի ունեցել, ինչպես որ նկարագրված է մեղադրական եզրակացությունում. - «Հարգելի դատախազը երբ որ նշում է, որ տուժվել է և այլն, գեթ մեկ դեպք մամուլում մենք չտեսանք։Լ Ես չեմ փոշմանում, որ կոնկրետ ուսումնասիրություն արվել է Վանաձոր և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներում։ Եթե այսօր վերադառնամ, նորից նույն ձևով թույլ չեմ տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան»։
Դավիթ Սանաարյանի հետ ամբաստանյալի աթոռին են հայտնել ՊՎԾ նրա երկու ենթակաները և «Զորաշեն» ընկերության հաշվապահը։ Երեքն էլ իրենց մեղադրանքը հրապարակվելուց հետո հայտարարեցին՝ դեռևս ոչինչ չեն ասի։
Մեղադրանքում ըստ էության նշվում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սանասարյանին տեղեկացրել է, որ նրա աշխատակիցը փորձում է իր սեփական ընկերությանը հնարավորություն տալ մասնակցել հեմոդիալիզի գնման գործընթացին, և որ դրա համար ստիպել են բժշկական հաստատություններին փոփոխել պահանջվող սարքերի տեխնիկական չափորոշիչները։
Լրագրողների հետ զրույցում Սանասարյանը պնդեց՝ նման բան չկա։ Նաև ասաց, որ «Զորաշեն» ընկերությունը մրցույթում չի շահել. - «Չգիտեմ որտեղից է հորինում Արսեն Թորոսյանը, նման բան չի եղել։ Ընդհակառակը, ես Արսեն Թորոսյանին ասել եմ, որ հրավիրել եմ իմ մոտ իմ աշխատակցին, և իմ աշխատակիցը՝ Ադյանը, ինձ ասել է, որ կապ չունի այդ կազմակերպության հետ։ Թե Արսեն Թորոսյանին ճնշել են, ինչ են արել, որ Արսեն Թորոսյանը իրականություն է փոխում, ես դա արդեն չգիտեմ»։
Ավելին՝ լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Սանասարյան ասաց, որ ունի ֆեյսբուքյան գրագրություն Արսեն Թորոսյանի հետ. - «Ես Արսեն Թորոսյանին գրում եմ՝ չգիտեմ ինչ կազմակերպության մասին ես դու ինձ ասում։ Բայց նա ինձ ասում է, որ նախապես ես ընդունել եմ, որ այդ կազմակերպությունը Սամվել Ադյանինն է։ Պատկերացրեք, մի օր առաջ ես ընդունում եմ հեռախոսով, որ Սամվել Ադյանինն է «Զորաշեն» ՍՊԸ-ն, մի օր հետո ես ասում եմ չգիտեմ ինչ կազմակերպության մասին ես խոսում»։
«Ազատության» հարցին՝ եթե կասկածներ ուներ, որ ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանը սեփական ընկերությունն ունի և նման հավակնություններ է դրսևորում, ինչո՞ւ չի ազատվել նրանից, Սանասարյանը պատասխանեց, թե Ադյանը հերքել է իր կասկածները, բայց ինքը հետո իմացել է, որ «Զորաշենը» Ադյանի ընկերոջն է պատկանում, և Ադյանը փորձել է ընկերոջը խորհուրդներ տալ։
Սամվել Ադյանն առերեսվել է նախկին վերադասի՝ Սանասարյանի հետ և փաստորեն, ըստ Սանասարյանի՝ սուտ ցուցմունքներ է տվել։ Ասաց, որ Ադյանի նկատմամբ ճնշումներ են գործադրել, բայց անուններ չհնչեցրեց. - «Փաստը երկու ցուցմունք է՝ Սամվել Ադյանի և Արսեն Թորոսյանի։ Ապացուցողական ուրիշ բազա իրանք չունեն»։
Ադյանի հետ խոսել չհաջողվեց, քանի որ նա և մյուս ամբաստանյալները արագ հեռացան դատարանից։ 4 ամբաստանյալների խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Սանասարյանը կրկին հայտարարեց, թե ինքը խանգարում էր որոշ մարդկանց, և այս գործը հենց դրա համար հարուցվեց։ Նա, ով փորձում, էր իրենցից ազատվել, արդեն ազատված է աշխատանքից։
Կասեցված լիազորություններով ՊՎԾ պետը իր վերջին ասուլիսում անուններ էր հնչեցրել: Ըստ նրա՝ գործն ուղղորդված է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ շահագրգիռ կողմ է։
Հաջորդ դատական նիստը փետրվարի 27-ին է։