ՍԴ-ն օկուպացված է և կուսակցականացված, հայտարարում է Փաշինյանը Բեռլինում

«Այսպիսի վիճակ չենք կարող հանդուրժել», - երեկ Բեռլինում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին:

Ելույթ ունենալով Գերմանիայի քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների առջև, վարչապետն ասաց, թե Բարձր դատարանն օկուպացված է։

«Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար, որովհետև այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունը ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է, և այդ կուսակցությունը այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանը առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ և որը այսօր, ըստ էության, երազում է Հայաստանում ժողովրդավարության ձախողումը», - ընդգծեց Փաշինյանը։

«Երբ որ ասվում է՝ տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն»

Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում անցկացվող հանդիպմանը հարց ուղղեցին նաև ադրբեջանցիներ, նրանցից մեկն ասում էր՝ հեղափոխությունից հետո կային ակնկալիքներ, որ Հայաստանը դուրս կքաշի զորքերը Ղարաբաղից, այնինչ Փաշինյանը հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստան է և վերջ:Վարչապետը հիշեցրեց Ռամիլ Սաֆարովի դեպքը՝ շեշտելով. - «Երբ որ ասվում է՝ տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն, և նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Ո՞ր երկիրն է, որ պատրաստ է զիջել իր անվտանգությունը»։

«Իսկ ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, դա ունի շատ պարզ և կոնկրետ բացատրություն՝ մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա», - շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկ այլ ադրբեջանցի էլ դժգոհում էր, թե իր տունը Ջեբրայիլում է, չի կարողանում վերադառնալ: «Կա Շահումյանի շրջան, որտեղ մինչև 1990 թվականը ապրել են հայեր։ Այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում գնալ իրենց տուն, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների։ Եվ այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, այն ստատուս քվոն, որ այսօր կա, ընդամենը մի բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել է և ցանկանում է պաշտպանել ապրելու իր իրավունքը։ Ոչ թե ուզում է ինչ-որ մեկին վատություն անել և ուզեցել է ինչ-որ մեկին վատություն անել՝ տնից զրկել, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը», - պատասխանեց Հայաստանի վարչապետը։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն այսօր Բեռլինից մեկնում է Մյունխեն` մասնակցելու Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին: Բացառված չէ ոչ պաշտոնական հանդիպումը, կարճ շփումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: