Գերմանիայում քիչ առաջ ավարտվեց երկրի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Բանակցություններին ընդառաջ երկու երկրների ղեկավարները լրագրողների առջև հանդես եկան հայտարարություններով:
Հայաստանի վարչապետը հատուկ ընդգծեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո արդեն երրորդ անգամ է հանդիպում Գերմանիայի առաջնորդին. - «Իմ պաշտոնավարումից ի վեր վերջին մեկուկես տարվա ընթացքում տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով»:
Հիշեցնենք, անցած տարի այս օրերին Փաշինյանը կրկին Բեռլինում էր, իսկ թավշյա հեղափոխությունից ընդամենը ամիսներ անց՝ 2018-ի օգոստոսին, Հայաստան էր եկել Անգելա Մերկելը:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց պաշտոնական Բեռլինին Երևանին տրվող աջակցության համար. - «Այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանում ընթացող զարգացումների, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում, ինչպես և նախկինում խոսել ենք, ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ և անշրջելի դարձնելու մեր պատկերացումների մասին, և սա շատ կարևոր խոսակցություն է», - հայտարարեց վարչապետը:
Կանցլեր Մերկելը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունները: Իր խոսքում նա հիշեցրեց, որ շուտով Բեռլինում նոր «Թումո» կենտրոն է բացվելու, հատուկ ընդգծեց, որ Փաշինյանի հետ բանակցություններում անդրադառնալու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Հայաստանում ներկայումս տեղի են ունենում մեծ փոփոխություններ, մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև օրինակ՝ իրավական համակարգում, և մենք համոզված ենք՝ իհարկե, դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք ցանկանում ենք ձեզ ամենայն հաջողություն ձեր այդ քայլերում: Նաև ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջընթաց ունենալն է: Դա լինելու է նաև մեր այսօրվա քննարկման թեման», - ասաց Մերկելը:
Այսօր ավելի վաղ էլ Հայաստանի վարչապետին ընդունեց Բունդեսթագի՝ Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեն: Նա Փաշինյանին հայտնել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանին դատաիրավական բարեփոխումների հարցում:
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի գրասենյակ, հանդես է գալու ելույթով, ապա պատասխանելու է Գերմանիայի քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին: Ակնկալվում է, որ նա կանդրադառնա ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այնպես էլ ապրիլին նշանակված սահմանադրական հանրաքվեին:
Այս հիմնադրամը վերջին տարիներին ակտիվորեն գործունեություն է ծավալում նաև Հայաստանում: Բեռլինից Փաշինյանը մեկնելու է Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին: Հեղինակավոր այս միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Ավելի քան 50 տարի անցկացվող այս հավաքն աշխարհում անվտանգության ոլորտում թերևս ամենահեղինակավորն է: Այս անգամ Մյունխենում են լինելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու:
Մյունխեն է ժամանելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջին ասուլիսում Հայաստանի ղեկավարը չբացառեց, որ Անվտանգության համաժողովի շրջանակում շփում-զրույց կունենա Իլհամ Ալիևի հետ՝ օգտակար համարելով թեկուզ կարճ հանդիպումները: