«Աշխարհում իդեալական ընտրություններ գոյություն չունեն», - նախօրեին Քյուրդամիրի շրջան կատարած այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մեկնաբանելով կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և միջազգային կառույցների` դրանց հաջորդած գնահատականները:
Դատելով երեկվա հայտարարություններից` Ալիևը եվրոպացի դիտորդների գնահատականներից այնքան էլ դժգոհ չէ:
«ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը որպես կանոն բավական կողմնապահ մոտեցում է ցուցաբերում ընտրությունների հանդեպ: Այս անգամ, սակայն, նախկինի համեմատ, նրանց գնահատականները ավելի հավասարակշռված էին և օբյեկտիվ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Քվեարկության հաջորդ օրը հնչեցրած հայտարարության մեջ եվրոպացի դիտորդները նշել էին, որ ընտրությունների գլխավոր թերություններից մեկը մրցակցային պայմանների բացակայությունն էր: Այս մի գնահատականին Իլհամ Ալիևը կտրականապես համաձայն չէ:
«Այս ընտրություններին ավելի քան 1300 թեկնածուներ էին մասնակցում: Դա ռեկորդային ցուցանիշ է: Այդ իրողությունը վկայում է, որ ընտրությունները մրցակցային մթնոլորտում են անցել: Եթե մի ընտրատարածքում 10 թեկնածու է առաջադրված, մի՞թե դա մրցակցություն չէ: Էլ ինչպիսի՞ն պետք է լիներ մրցակցությունը», - տարակուսում էր Ալիևը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, թե ընտրությունները երկրում անցկացվել են առանց խախտումների, իսկ եթե եղել են առանձին չարաշահումներ, ապա դրանց մեղավորները պատժվելու են:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն, ըստ Իլհամ Ալիևի, Միլի մեջլիսում մանդատների ճնշող մեծամասնությանը տիրացավ ոչ թե կեղծիքների, այլ հանրության շրջանում ունեցած բարձր հեղինակության շնորհիվ:
«Մենք ընտրությունները կեղծելու կարիք չունենք: Ամենայն ազնվությամբ պետք է խոստովանեմ՝ մեր վարած քաղաքականությանն այսօր Ադրբեջանում այլընտրանք գոյություն չունի», - հայտարարել է Ալիևը:
Եվրոպացիները, սակայն, Ադրբեջանի նախագահի լավատեսությունն առանձնապես չեն կիսում:
Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Լոնդոնում հիասթափված են այն հանգամանքից, որ փետրվարի 9-ի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ժողովրդավարական չափանիշներին:
«Մեզ մտահոգում են ԵԱՀԿ տարածած այն տեղեկությունները, որոնց համաձայն ընտրություններում սահմանափակումներ էին առկա, և դրանց ընթացքում էական մրցակցությունը բացակայում էր: Բացի այդ մեզ մտահոգում են այն տեղեկությունները, որ քվեների հաշվարկի ժամանակ թույլ տրված ընթացակարգային խախտումները կասկածի տակ են դնում ընտրությունների վերջնական արդյունքները», - նշված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ընտրությունները Twitter-ում արված գրառմամբ քննադատել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցող ավստրիացի Ստեֆան Շենախը:
«Քվեատուփերի լցոնում, լրագրողների ծեծ, համատարած խախտումներ` այս ամենը ինձ լրջորեն մտահոգում են», - գրել է Շենախը՝ հավելելով, որ իր գնահատմամբ ընտրողների մասնակցության ցուցանիշը փետրվարի 9-ի ընտրությունների ժամանակ չի գերազանցել 40 տոկոսը:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրն իր հերթին խստորեն դատապարտել է ընտություններին հաջորդած բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների դեմ ոստիկանության կողմից բռնության կիրառման փաստերը: «Կոչ եմ անում իշխանություններին հետաքննել այդ միջադեպերը», - նշել է ԵԱՀԿ պաշտոնյան:
Փետրվարի 11-ին Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի լուսաբանման ժամանակ ոստիկանները բռնություն էին կիրառել «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունների լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր Meydan TV կայքի աշխատակիցների նկատմամբ: