Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջնորդին՝ անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններում նրա իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» տարած հաղթանակի կապակցությամբ:
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս, արտահերթ ընտրություններում արձանագրված արդյունքները ակնհայտորեն հաստատեցին այն բարձր վարկանիշը, որ Ձեր գլխավորած կուսակցությունն ունի Ադրբեջանի քաղաքացիների շրջանում», - գրել է Պուտինը Ալիևին՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվայի և Բաքվի «ռազմավարական հարաբերությունները» հետագայում է՛լ ավելի կամրապնդվեն:
Միջազգային դիտորդները, մինչդեռ, քննադատել էին քվեարկության ընթացքը, հատուկ հայտարարություն էր տարածել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին շուտափույթ հետաքննել խախտումներն ու իրականացնել հանձնարարականները: