Վրաստանի արևմտյան գործընկերները կտրուկ են արձագանքում Ուգուլավայի ազատազրկմանը

Վրաստան - Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավա, արխիվ

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ազատազրկումը շարունակում է մնալ Վրաստանի քաղաքական կյանքի այս շաբաթվա առանցքային իրադարձությունը: Մայրաքաղաքը ղեկավարելու ընթացքում իբր թույլ տված չարաշահումների համար երկրորդ անգամ դատապարտված Ուգուլավան քաղաքական դաշտի մի զգալի մասի կողմից արդեն իսկ «քաղաքական բանտարկյալ» է հռչակվել:

Ուշագրավ է, որ այս կարծիքին են ոչ միայն ընդդիմության առաջնորդները, այլև իշխող «Վրացական երազանք»-ի երբեմնի ազդեցիկ աջակիցները, օրինակ՝ Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Երկրում իրոք կրիտիկական վիճակ է ստեղծվել: Գիորգի Ուգուլավայի ազատազրկումը փոխեց Վրաստանում տիրող ողջ քաղաքական մթնոլորտը: Ուգուլավան քաղբանտարկյալ է: Նրա ազատազրկումն ապտակ էր մեր արևմտյան գործընկերներին, որոնք հստակորեն հայտարարել էին, որ Վրաստանում ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են», - վրացական ալիքներից մեկի եթերում հայտարարում էր երկրի նախկին նախագահը:

Թբիլիսիի արևմտյան գործընկերները իրոք բավական կտրուկ արձագանքեցին Ուգուլավայի ձերբակալությանը:

«Խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ ընդդիմության առանցքային ներկայացուցիչներից մեկի ազատազրկումը չի նպաստում Վրաստանում քաղաքական առողջ մթնոլորտի ձևավորմանը», - նշում են եվրոպացի պաշտոնյաները:

«Երեկ ես և Թբիլիսիում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները հնարավորություն ստացանք մանրամասնորեն քննարկել Գերագույն դատարանի` Ուգուլավայի գործով դատավճիռը: Մեր կարծիքով՝ այս ամենը խոչընդոտում է երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կնպաստեր առկա բևեռացումը թուլացնելուն միտված երկխոսության ծավալմանը», - հայտարարում էր Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը` հավելելով, որ եվրոպական կառույցներն ընդհանուր լարվածության ֆոնին պատրաստ են միջնորդի դեր ստանձնել Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև:

Ուգուլավայի ազատազրկումը քննադատության ենթարկեցին նաև եվրոպական մի շարք պետություններ: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն, օրինակ, Twitter-ում գրել է. - «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից մեկի` Գիգի Ուգուլավայի ազատազրկումը մտահոգել է ինձ: Դատական համակարգը չպետք է օգտագործվի ընդդիմությանը հետապնդումների ենթարկելու նպատակով»:

Թբիլիսիի նախկին քաղաքապետի ազատազրկման առթիվ հայտարություններ տարածեցին նաև Թբիլիսիում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, հայտարարություններով հանդես եկան նաև Եվրոպական խորհրդարանի և ամերիկյան Կոնգրեսի մի շարք անդամներ:

Հայտարարությունների ընդհանուր տոնայնությունը նույնն է` Թբիլիսիի արևմտյան գործընկերներին մտահոգել է ընդդիմության առաջնորդներից մեկի ազատազրկումը և այն հանգամանքը, որ դրա արդյունքում իշխանությունների և ընդդիմության միջև առանց այդ էլ դժվարությամբ ընթացող երկխոսությունը վերջնականապես տապալվել է: