Մատչելիության հղումներ

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Ուգուլավան դարձյալ դատապարտվեց ազատազրկման


Թբիլիսիի նախկին քաղաքապետ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակից Գիգի Ուգուլավան առաջիկա երեք տարիները կանցկացնի ճաղերի հետևում: Երեկ երեկոյան նման դատավճիռ հրապարակեց Վրաստանի Գերագույն դատարանը` Ուգուլավային մեղավոր ճանաչելով շուրջ 17 միլիոն դոլարի վատնման համար:

Դատախազության պնդմամբ, Գիգի Ուգուլավան 2011-2012 թվականներին հրահանգել էր «Թբիլիսիի զարգացման հիմնադրամի» գումարներից աշխատավարձեր վճարել իր մի քանի տասնյակ կուսակիցների: Ուշագրավ է սակայն, որ այս նույն գործով Ուգուլավան 2015 թվականին արդեն իսկ դատապարտվել էր չորս ու կես տարվա ազատազրկման` լիազորությունների չարաշահման մեղադրանքով՝ ավելի քան մեկ տարի անցկացնելով թբիլիսյան բանտերից մեկում:

Հետագայում Ուգուլավան ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի վճռի հիման վրա: Երկու շաբաթ առաջ սակայն Գերագույն դատարանը որոշեց վերանայել Ուգուլավայի գործը և արագացված կարգով նրան կրկին դատապարտեց ազատազրկման` արդեն պետական միջոցները վատնելու հոդվածով:

Ուգուլավայի պնդմամբ, Գերագույն դատարանի կայացրած այդ վճիռն իր համար անակնկալ չէր: Դա էր պատճառը, որ դատավճռի հրապարակումից մոտ երկու ժամ անց արդեն Ուգուլավան Ներքին գործերի նախարարության շենքի մոտ էր: Նախկին քաղաքապետը տասնյակ լրագրողների և աջակիցների ուղեկցությամբ որոշել էր ինքնակամ ներկայանալ Ներքին գործերի նախարարություն՝ չսպասելով թե երբ իրեն բերման կենթարկեն: Առաջինը, ինչ արեց Ուգուլավան մեքենայից դուրս գալով` ավագ դստերը հրաժեշտ տալն էր: Դրան հետևեցին քաղաքական գնահատականները:

«Պայքարը շարունակվում է այնքան ժամանակ քանի դեռ մենք չենք ազատվել այս «սև ժանտախտից»: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, արդարադատության հետ որևէ աղերս չունի: Մենք հստակ ընտրություն ունենք` հնազանդվել և դառնալ Իվանիշվիլիի ստրուկը, կամ մնալ ազատ մարդ, որը համաձայն չէ նրա հետ: Ժողովրդի ազատության հասնելու ճանապարհին մենք դեռ շատ անելիք ունենք», - հայտարարեց Ուգուլավան:

Այս հարցազրույցից մի քանի րոպե անց, կողմնակիցների վանկարկումների ուղեկցությամբ Թբիլիսիի նախկին քաղաքապետը մուտք գործեց Ներքին գործերի նախարարության շենք, որտեղից էլ մի քանի ժամ անց տեղափոխվեց այսպես կոչված «Մատրոսովի բանտ»` պատիժը կրելու:

Վրացական ընդդիմության համոզմամբ, Ուգուլավայի ձերբակալությունը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդամենը ութ ամսից երկրում խորհրդարանական ընտրություններ են կայանալու, իսկ նախկին քաղաքապետը ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկն է:

Այժմ արդեն ընդդիմությունը հայտարարում է, որ խզում է բոլոր կապերը իշխանությունների և հետ որևէ թեմայի շուրջ, այդ թվում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, բանակցություններն իշխող քաղաքական ուժի հետ բացառվում են:

«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն ընդդեմ Իվանիշվիլիի: Իրականում Ուգուլավային ձերբակալելու Իվանիշվիլիի այս որոշումը թույլ գործչի քայլ է: Նրան թվում է, թե այդ ձերբակալությամբ նա թուլացնում էընդդիմությունը: Սակայն իրականում այդպես չէ: Ուգուլավայի ձերբակալությունից հետո մենք իշխանությունների հետ Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունները շարունակելու որևէ իմաստ այլևս չենք տեսնում: Հնարավոր է չէ մի կողմից խոսել քաղաքական ընդդիմախոսի հետ, մյուս կողմից` նման քայլեր ձեռնարկել: Այդ իսկ պատճառով բանակցությունները դադարեցված են և մենք անցնում ենք գործողությունների նոր ռազմավարության», -հայտարարել է Գիգի Ուգուլավայի զինակիցներից մեկը` «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար անդամ Սերգի Կապանաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG