Հայաստանի պաշտպանության նախարարությունում հիմնարար կասկածներ կան, որ ORSIS («ОРужейные СИСтемы») բրենդի ներքո հանդես եկող ռուսաստանյան Промтехнология ընկերությունը հայկական Զինված ուժերին նպատակ է ունեցել մատակարարել որսորդական, ոչ ռազմական նշանակության ջերմատեսիլ նշանոցներ, այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս հարցի առնչությամբ նախորդ ամիսներին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնվել էր ռուսաստանյան պետական լրատվամիջոցների թիրախում։
«Այս գործարքի, մրցույթի կապակցությամբ կա քրեական գործ, կա ծառայողական քննություն, և կան հիմնարար կասկածներ ինչպես սարքի որակի, պատկանելիության, որսորդական, ոչ որսորդական լինելու, այնպես էլ մրցույթի կազմակերպման, տարբեր փուլերում տարբեր անձանց կողմից խախտումներ կատարելու, ընդհուպ մինչև հանցագործություն կատարելու վերաբերյալ», - ասաց Հովհաննիսյանը:
«Ազատության» ճշտմանը, թե այսինքն՝ ՊՆ-ում հիմնարար կասկածներ կան, որ ջերմատեսիլ սարքերը որսորդական են, ոչ ռազմական, նա պատասխանեց՝ կասկածները կան. - «Ամեն դեպքում այդ կասկածներով կա ուսումնասիրություն»:
ORSIS-ի հետ կապված աղմուկը բարձրացավ, երբ անցած տարի չեղարկվեց Հայաստանի ՊՆ-ի հայտարարած 2 միլիարդ դրամանոց գնումների մրցույթը, որի շրջանակում Промтехнология ընկերությունը պետք է մատակարեր ջերմատեսիլ սարքավորումներ։
«Շարունակական մամուլով ճնշումները, ընդհուպ մինչև Ռուսաստանի որոշ պետական լրատվամիջոցներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքին գործերին խառնվելու պրոցեսը, էլ չեմ ասում կեղծ լուրերն այն մասին, որ քաղաքական ճնշումներ կլինեն, կլինի նաև նոտա՝ դիվանագիտական բողոքի և այլ բաներ», - մանրամասնեց ՊՆ մամուլի քարտուղարը:
Промтехнология ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկած ջերմատեսիլ նշանոցներն ունեն ռազմական նշանակություն. - «Մրցույթը հայտարարվել է, մրցույթին մասնակցել է միայն ORSIS-ը, որովհետև այդ ռազմատեսակն այլ մարդ չի էլ կարող մատակարարել, իսկ այն խմբաքանակը, որ Պաշտպանության նախարարությունը ցանկանում էր գնել՝ մոտ 700 քանի հատ, դա որևէ մեկը չի կարող մատակարարել, ORSIS-ը քանի որ դրա անմիջական արտադրողն է, ORSIS-ն է մատակարարել: Ընդ որում ORSIS-ը հետաքրքրություն չի էլ ունեցել դրան մասնակցելու, որովհետև ORSIS-ն այս տարիների ընթացքում պատրոն է մատակարարել: ՊՆ-ի խնդրանքով ORSIS-ը մասնակցել է այդ մրցույթին, մրցույթը չեղարկվել է, իբր փաստաթղթերը պակաս են ներկայացվել, սա է պատմությունը»:
ORSIS-ի հետ կապված, ինչպես հայտնի է, Հայաստանում քրեական գործ է հարուցված։ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ գործը հարուցվել էր դեռ Քննչական կոմիտեում անցած տարվա օգոստոսին՝ Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում պաշտոնատար անձանց չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։ Այնուհետև դատախազության որոշմամբ քրեական գործը նոյեմբերին փոխանցվել էր ՀՔԾ։ Այս հունվարին ՀՔԾ-ում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ Промтехнология ընկերության ներկայացուցչի բողոքի հիման վրա։ Երկու գործերը այժմ միացված են, և այդ գործով այս պահին մեղադրյալ, կասկածյալ չկա։ Օհանջանյանը հրաժարվեց մեկնաբանել լրատվամիջոցների հրապարակումները, որ գործի շրջանակներում հարցաքննվել են պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանը։