ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. Լավ ենք անում չենք հրապարակում պատժված զինվորականների անունները

Gեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյան

Հայաստանի ու Արցախի ռազմական գերատեսչությունները հրաժարվում են նշել այն զինվորականների անունները, որոնք հունվարի 30-ին զոհված զինծառայող Վահրամ Ավագյանի դեպքի առնչությամբ զորացրվել են կամ ենթարկվել կարգապահական տույժերի։

Երբ Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին այսօր խորհրդարանում հարցրեցինք՝ ինչու՞ չեք հրապարակում այդ մարդկանց անուն-ազգանունները, կարճ եզրափակեց՝ «լավ ենք անում»։

«Էդ մարդիկ ունեն ընտանիքներ։ Իսկ եթե վաղը ինքը դիմում ա դատարանով վերականգնելու վերաբերյա՞լ։ Ինքը համաձայն չի դրան։ Երկրորդ, էդ նույն բարոյահոգեբանական գծով տեղակալը, որը ծառայում էր, կամ դիվիզիոնի հրամանատարը... տասնհինգ տարի ծառայել ա, զորացրվեց, կարգապահական տույժ տվեցին, զորացրվեց։ Ասենք, ազգանունը ասեցինք, ինչը՞ փոխվեց», - փաստարկեց նա։

Միայն հունվար ամսին Հայաստանի ու Արցախի զինված ուժերում խաղաղ պայմաններում չորս զոհ է եղել, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ երկու ինքնասպանություն, մեկ դժբախտ պատահար և մեկն էլ հիվանդության հետևանքով։

Վերջին ողբերգական դեպքը` հունվարի 30-ին Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահն էր։ Ըստ Քննչական կոմիտեի նա իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով մահացել է։ Զինվորի հարազատները պնդում են՝ 20-ամյա տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են։

Ըստ Auroranews-ի հրապարակման, «էլիտար» համարվող այդ զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության Հակահետախուզության գլխավոր վարչության պետ Եսայի Մկրտչյանի, ԱԱԾ մեկ այլ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդիները, որոնք, այսպես ասած, «կլան» է ձևավորվել, ճնշում են գործադրում մյուս զինվորների նկատմամբ և զբաղվում դրամահավաքությամբ։ Այս տեղեկությունը ստուգելու նպատակով դատախազությունն այն ուղարկել է քննչական մարմին:

Հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, որ բարձրաստիճան զինվորականների զավակները նույն զորամասում են ծառայում, Արտակ Դավթյանը պատասխանեց. - «Կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում։ Իսկ որտե՞ղ պետք է ծառայեր։ Ցանկացած զորամասում, որտեղ ծառայեր, նույն անունը կտային։ Զորամասը իհարկե էլիտար զորամաս է, որովհետև էլիտար խնդիրներ է կատարում, իր կրակային հզորությամբ և կրակային աջակցությամբ... և մարտական հերթապահություն է կատարում էս պահին էդ զորամասը։ Զորամասում հազար զինծառայող ա ծառայում, ասենք, երկու կամ երեք հոգի ինչ-որ մեկի հետ կապված են։ Վերցրեք որևէ զորամաս, որտեղ հազար զինծառայող ծառայում ա, և չգտնենք երկու հոգի, որոնք այս կամ այն ձև փոխկապակցված են ինչ-որ մեկի հետ»։

Դիտարկմանը, որ իրավապաշտպանները քննադատում են բանակի ղեկավարությանը՝ ասելով, թե այդ առումով իրավիճակ չի փոխվել, Դավթյանն արձագանքեց. - «Իրավապաշտպանները կամ ցանկացած քննադատողը... իրանց գործն ա։ Բայց երբ որ մեկը թեկուզ դասակի հրամանատարի մակարդակով ծառայեր կամ շփվեր էդ խնդիրներին, էդպես չէր ասի։ Երկրորդը, սենց ասեմ՝ իրավապաշտպանները թող աջակցեն մեզ։ Թող գա ինքը անի, տեսնեմ ո՞նց է անելու։ Խնդիրը հետևյալն է. ամեն օր մենք ունենք կամ կամուրջից ընկած, կամ կախված, կամ դանակահարություն... հասարակությունն է այդպես»։

Անդրադառնալով նոր սպառազինությանը՝ Դավթյանն ասաց. - «ՏՈՌ-երի և ՍՈւ-երի վերաբերյալ, դա կա։ Բանակցություններ են վարվում նաև ՍՈւ-երի հետագա խմբաքանակի վերաբերյալ։ Մյուս խմբաքանակների վերաբերյալ հիմնական ուղղվածությունը, որը կատարված է Զինված ուժերի կողմից, ներկայացված է. դրանք հակատանկային պայքարի միջոցներն են ժամանակակից, հետախուզության, ռադիոէլեկտրոնիկ պայքարի միջոցները։ Այդ ուղղվածությամբ ենք հիմնականում աշխատում՝ առավել նոր որակական ցուցանիշների դուրս գալու համար»։