Հանրապետականը դատապարտում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը», ասված է կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունում։

«Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները», - ասված է երեկ երեկոյան հրապարակված հայտարարությունում։

Նախկին իշխող կուսակցությունը պնդում է, որ «սկզբունքորեն ցանկացած իրավական ակտում անցումային դրույթն ունի որոշակի առաքելություն, ուժի մեջ մտնելուց հետո այն կատարում է իր առաքելությունը և այլևս փոփոխության ենթարկվել չի կարող»։

«Սա հակատրամաբանական, հակաիրավական և հակասահմանադրական փոփոխություն է, որով փորձ են անում դադարեցնել Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են 2015 թվականից առաջ գոյություն ունեցած Սահմանադրությամբ», - ասված է հայտարարությունում։

Հանրապետականը պնդում է, որ «տվյալ արկածախնդիր գործընթացը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 168-ի կետ 2-ին, ինչպես նաև հոդված 169-ի 2-րդ մասին», և որ «առաջարկվող կարգավորումները գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ են, որի արդյունքում Սահմանադրական դատարանը զրկվելու է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, իսկ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք Սահմանադրական դատարանը կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից»:

«Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին։ Անտեսելով ԵԽԽՎ-ի կոչերը՝ այն ընդունման պահին չի անցել միջազգային պատկան մարմինների փորձաքննությունը, ինչը աննախադեպ է նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում», - շարունակում է նախկին իշխող կուսակցությունը։

«Հաշվի առնելով Հայաստանի պետականությանը սպառնացող այս արկածանդրության ողջ վտանգներն ու հետևանքները»՝ ՀՀԿ-ն արձանագրում է, որ «նախաձեռնած գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ պետության զավթման հերթական արարի մեջ ներգրավված բոլոր անձիք», «պատրաստակամ է անհապաղ, ինտենսիվ և լայն քննարկումների պետության առջև ծառացած այս վտանգի հետևանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական և քաղաքական կառույցների հետ», «հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին»։

Հանրապետականը նախազգուշացնում է, որ «նման գործողությունները հարված են հասցնում երկրի միջազգային հեղինակությանը և թուլացնում Հայաստանի դիրքերը ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող գործընթացներում, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ»:

Ազգային ժողովը հինգշաբթի օրը նախ չընդունեց Սահմանադրությունում փոփոխության նախագիծը, ապա քվեարկեց այն հանրաքվեի դնելու որոշման օգտին։