Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացնում։
Վանեցյանը 9 տպագիր լրատվամիջոցների խմբագրերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ստեղծում է կուսակցություն, ապացուցելու է, որ գործող իշխանությունների այլընտրանքը միայն նախկինները չեն, ինչպես, ըստ Վանեցյանի, փորձում է ներկայացնել «Իմ քայլը»։
Ովքեր են լինելու կուսակցությունում լինելու իր կողքին, դեռ հայտնի չէ. - «Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում, որը կոչվում է հասարակությանը սևերի և սպիտակների բաժանել։ Ես կարծում եմ, դա կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ, քաղաքական օրակարգ՝ որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Վերադարձ անցյալին երբեք չի լինելու։ Ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ անցյալին չլինի»։
ԱԱԾ նախկին տնօրենի հետ հանդիպմանը ներկա էին Վանեցյանի ձևակերպմամբ «լրատվական դաշտի հնաբնակները»՝ «Գոլոս Արմենիի», «Իրավունք», «Ազգ», «Առավոտ», «168 Ժամ» և ևս 4 թերթերի խմբագրեր, որոնք հարցեր էին ուղղում նրան։ Հանդիպումը տեղի է ունեցել Երևանի կենտրոնի ռեստորնաններից մեկում, որը ժամանակավորապես փակվել էր մյուս այցելուների համար, ինչպես երեկ տեղում պարզել էր «Ազատության» թղթակիցը։
Խմբագրերից մեկը հետաքրքվել է՝ Վանեցյանը իր հրաժարականի տեքստում խոսել էր երկրում առկա վտանգի մասին, ինչո՞ւ ի վերջո չհստակեցրեց, թե ովքեր են այդ վտանգը ներկայացնում:
ԱԱԾ նախկին տնօրենը կրկին հստակ չպատասխանեց՝ նշելով, որ նրանք, ովքեր հեռատես են, հասկանում են, թե ինքն ինչ նկատի ունի. - «Այն վտանգները, որոնք տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց: Որպես օրինակ, կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որն ուղղակի անվտանգության տեսանկյունից նաև շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև մեր երկրի միջազգային վարկանիշին է դա վերաբերվում»։
Չշրջանցվեց Սահմանаդրական դատարանի հարցը։ Արթուր Վանեցյանը հայտնեց, թե չէր կարող «մասնակից լինել ՍԴ-ի շուրջ եղած զարգացումներին»՝ ավելացնելով, որ իր հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը. - «Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչ, որը, ցավոք սրտի, տեղ չի հասել»:
Վանեցյանը նաև վստահեցրեց, որ պետական հեղաշրջում անելու մտադրություն չի ունեցել, ինչպես շաբաթներ առաջ գրվել էր վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում. - «Պետական հեղաշրջման փորձ իրականացրած մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում։ Իհարկե, ես նման ցանկություն չեմ ունեցել, ընդհակառակը, ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում, կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, այդ մարդը պետք է դատապարտվի և կրի իր պատիժը»։
«Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը հետաքրքրվեց՝ ո՞վ էր տվել հանձնարարություն պլանավորել և իրականացնել «տուշոնկա շոուն» և Քոչարյանի կալանքի օպերացիան:
ԱԱԾ-ի կողմից գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրգիգորյանի տանը տեղի ունեցած խուզարկության վերաբերյալ Վանեցյանն ասաց, որ ոչինչ չի չափազանցվել, իսկ պաշտոնաթող երկրորդ նախագահի կալանավորումը տեղին չհամարեց. - «Այս հայտարարությունից հետո լինելու են, ես գիտեմ, շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումը տրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի»։
Կլոր սեղանի ընթացքում Վանեցյանը նաև պնդեց, որ հրաժարակն ինքն է տվել, ոչ թե իրեն պարտադրել են, ինչպես նաև ասաց, որ սա առաջին դեպքը չէր. ԱԱԾ տնօրենի գաղտնալսման սկանդալից հետո ևս հրաժարական է տվել, որը չէր ընդունվել։ Նա ասաց նաև, որ հնարավոր է Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնի իր լավ ծանոթ, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ, որն ի դեպ աշխարհում հայտնի է ավտորիտար կառավարմամբ և կոշտ քննադատության է արժանանում միջազգային կառույցների կողմից։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այսօր ճեպազրույցում արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարություններին, թե ինքն անձամբ վերադարձ անցյալին թույլ չի տալու, և որ պատրաստվում է դառնալ իշխանության այլընտրանք՝ նշեց. - «Վանեցյանը մեծ հաշվով անցյալի արձագանքն է։ Որպեսզի ես պատկերացնեմ հնարավորություն ունի թե չէ հակակշիռ լինելու, ես կփորձեի պատկերացնել, օրինակ, այս հրապարակում 150 հազար քաղաքացի նրա կողքին կանգնած և նրա հրապարակային խոսքը լսելուց»։