Մարտի 1-ի բուն գործով նյութերը չեն տրամադրվի Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը։
«2019 թվականի որոշումը բեկանել, պաշտպան Խուդոյանի բողոքը մերժել», - հայտարարեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը։
2019 թվականի նոյեմբերի որոշմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել էր Հատուկ Քննչական ծառայությանը (ՀՔԾ) սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել գործի բոլոր հատորները։
Բողոքը ներկայացրած դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարել էր՝ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ անհիմն կերպով մասնավոր շահը վերադաս համարելով հանրային շահի նկատմամբ:
«Վերաքննիչ քրեական դատարանը փարատեց մեր մտահոգությունները, որ այս փուլում այդ գործողություններն իրականացման ենթակա չեն», - ասաց Պետրոսյանը։
Դատական նիստին ներկա չէր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր համար սպասելի էր Վերաքննիչ դատարանի որոշումը։
«Որոշումը միանշանակ սպասելի էր, սպասելի էր այն պահից սկսած, երբ որ գործը մակագրվել էր Արմեն Դանիելյանին, իսկ այդ պրոցեսին մեր մասնակցությունը միայն մեկ նպատակ ուներ՝ ցույց տալ հանրությանը, թե իրականում պետությունն ի դեմս դատախազության, քննչական մարմինների, դատարանների շահագրգռվա՞ծ է Մարտի 1-ի գործի բացահայտմամբ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ բոլորի համար այս դեպքում ակնհայտ է դառնում՝ իրավապահներն այսօր ոչ մի գործողություն են անում բացահայտման համար», - նշեց Խուդոյանը։
Քոչարյանի պաշտպանի խոսքով՝ պաշտպանական կողմին տրամադրված հատորներում ներկայացված ցուցմունքներն ամբողջական չեն։ Ըստ Հովհաննես Խուդոյանի, այդ հանգամանքը խախտում է երկրորդ նախագահի պաշտպանության իրավունքը։ Խուդոյանն ավելի վաղ հայտարարել էր՝ Մարտի 1-ի գործով շուրջ 600 հատորներից իրենց միայն 80-ն են հասանելի։ Նա համոզված է՝ դատախազությունը մտավախություն ունի բոլոր հատորներն իրենց տրամադրելու մասով։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց. «Մենք գործում ենք լիազորությունների շրջանակներում, օրենքի սահմաններում, այսինքն քրեադատավարական կառուցակարգերը հստակ նախատեսում են դեպքերը՝ երբ կարելի է քրեական գործով նյութերին ծանոթանալ։ Մենք մտավախություններով չենք առաջնորդվում»։
Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան։ Թեև սահմանադրական կարգի տապալման գործով դատավարությունը սկսել է անցած տարի գարնանը, սակայն դատարանը դեռ բուն գործին չի անցել. դեռ միայն հիմնականում պաշտպանական կողմի տարաբնույթ միջնորդություններն է քննել։