Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող Դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանում կքննի անցած հունիսին Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արմեն Դանիելյանը:
«Ազատության» հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ տարեվերջին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը որոշել է բավարարել փաստաբանի բողոքը: Խուդոյանը բողոք էր ներկայացրել դատարան, խնդրելով իրենց տրամադրել Մարտի 1-ի բուն գործի` մինչ Քոչարյանի և մյուսների գործի դատարան մտնելը ժամանակահատվածի բոլոր նյութերը, ինչը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր: Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ գործի նյութերն ամբողջությամբ չտրամադրելով մեղադրյալին՝ խախտվել են նրա իրավունքները, և քննիչին պարտավորեցրել է գործի բոլոր նյութերը տրամադրել պաշտպանական կողմին, «Ազատությանը» փոխանցեց Հովհաննես Խուդոյանը:
Փաստաբաններն այս մասին տարեվերջին նաև դատարանում էին հայտարարել, պնդելով՝ իրենց են տրամադրված բուն գործից անջատված մասի նյութերը, որոնց շուրջ այժմ դատավարություն է ընթանում: Նրանք կասկածներ էին հայտնել, որ ՀՔԾ-ում գտնվող նյութերը հնարավոր է հօգուտ երկրորդ նախագահի են:
Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: