Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և հասել է 490-ի: Այսօրվա դրությամբ երկրում հաստատված է վարակի 24 հազար 324 դեպք: Մահվան 65 նոր դեպքեր են գրանցվել վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում։
Նախօրեին Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը 425 էր, վարակվածներինը՝ 20 հազար 438:
Միլիոնավոր չինացիներ զգուշացվել են, որ դուրս չգան տներից: Նրանք կարանտինի մեջ են, մեծ մասը՝ 50 միլիոն բնակչություն ունեցող Հուբեյ նահանգում:
Երկու տասնյակից ավելի երկրներ հայտնել են վարակի ավելի քան 175 հաստատված դեպքերի մասին։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։
Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին։