Նազիկ Ամիրյանի փաստաբանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Նազիկ Ամիրյանին առնչվող գործով դատական նիստ, արխիվային լուսանկար

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, մի քանի ծանր հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի փաստաբաններն այսօր գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ պնդելով, որ Մնացական Մարտիրոսյանը անաչառ չէ։

Դատարանը գտավ, որ միջնորդությունը ենթակա չէ քննարկման. - «Պաշտպանության կողմը չի ապացուցել այնպիսի հիմքի առկայությունը, որ իրեն հայտնի է դարձել դատաքննությունը սկսվելուց հետո, մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Հետևաբար դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա չէ քննարկման»:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ի դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին։

Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Նազիկ Ամիրյանին առնչվող քրեական գործի նյութերը տրամադրվեն իրենց։

«Հարգելի՛ դատարան, խնդրում եմ տրամադրեք առանձնացված գործով առանձնացված այն ապացույցները, որ հարգելի մեղադրողը միգուցե առանձնացրել, տվել է Ձեզ, մեզ չի տվել, կամ դատարանի ուղղակի պարտավորությունն է, որպեսզի ապահովի, որ մենք կարողանանք իրականացնել պատշաճ պաշտպանություն», - ասաց Բաղդասարյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց. - «Տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում 10 դեկտեմբեր 2019 թվականին և 14 հունվար 2020 թվականին դատական նիստերի ժամանակ նախագահող դատավորը շատ մատչելի դատավարության մասնակիցներին, այդ թվում՝ պաշտպանության կողմին պարզաբանել է, որ քրեական գործի նյութերին կարող եք ծանոթանալ, դրանցից պատճենահանել գործի նյութերն ամբողջությամբ, ամբաստանյալը, կրկնում եմ, կարող է անվճար պատճենահանել այս փաստաթղթերը, տեխնիկան էլ կտանք իրեն, որ պատճենահանի ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 9:18-ը, այսինքն՝ աշխատանքային ժամերին: Եվ այն, որ ինձ չեք տրամադրել այդ գործի նյութերը, նույն հաջողությամբ կարող եք պահանջել նաև այստեղի եղած գույքից և չտալու դեպքում էլի ինքնաբացարկի միջնորդություն գրեք: Եթե օրենքում գրած է, որ Դուք ընդամենը իրավունք ունեք ծանոթանալ և պատճենահանել ամբողջությամբ, իսկ Դուք պահանջում եք, որ դատավորը պատճենահանի, տրամադրի Ձեզ, ապա դա չի լինելու, որովհետև նման լիազորություններ չունի նախագահող դատավորը»:

Նազիկ Ամիրյանն ավելի վաղ դիմել էր դատարանին՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ծանոթանալու գործի նյութերին։ Դատարանը տրամադրել էր քրեական գործին առնչվող բոլոր նյութերը, դրանք ավելի քան 4 տասնյակ հատորներ են։ Սակայն պաշտպանական կողմը չէր ծանոթացել նյութերին՝ իրենց վստահորդի վատառողջ լինելու պատճառաբանությամբ։

Պաշտպաններն այսօր նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրին, որպեսզի ծանոթանան նյութերին։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին։

Մանվել Գրիգորյանը դեռ շարունակում է գտնվել «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կինը։

Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։