Չինաստանի Ուհան քաղաքում բնակվող ՀՀ քաղաքացին տարհանվել և տեղափոխվել է Ղազախստան

Չինաստանում բնակվող ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյան, 29 հունվարի, 2020թ.

Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան այստեղի գործընկերների հետ համագործակցության արդյունքում: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», - գրել է Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ նոր շնչառական վարակի` կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներ տարհանում են իրենց քաղաքացիներին Չինաստանից: Սուսաննա Աղաջանյանն ավելի վաղ «Ազատությանը» ասել էր, որ ուզում է դուրս գալ Ուհան քաղաքից, քանի որ վարակի ռիսկը մեծ է:

Երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր կառավարություններին հորդորել է «պատրաստ լինել տեղում կորոնավիրուսի վարակի հնարավոր բռնկումներին»: