Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ գաղտնալսումների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում, այսօր «Ազատությանը» հայտնեց կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Քննչական կոմիտե է ներկայացել հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող 2 քրեական գործի շրջանակներում: Նշեմ, որ մեկը գաղտնալսման քրեական գործն է, մյուսը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայում առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործն է: Տեղեկացնեմ, որ գաղտնալսման գործով պարոն Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության: 2 քրեական գործի շրջանակներում էլ պարոն Վանեցյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով», - փոխանցեց ՔԿ խոսնակը:
Հարցին՝ գաղտնալսման գործով կա՞ մեղադրյալ, Նաիրա Հարությունյանը պատասխանեց. - «Գաղտնալսման քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»:
Այս գործով վկայի կարգավիճակով անցնում է 3 անձ՝ վարչապետը, Հատուկ քննչական ծառայության պետը և ԱԱԾ նախկին տնօրենը: Ինչ վերաբերում է ՀՖՖ-ում չարաշահումների գործին, ապա նա նշեց, որ այս քրեական գործի շրջանակներում այս պահին մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 2 անձ: Այլ տեղեկություն Հարությունյանը չհաղորդեց։
«Ազատությունը» կապվեց Արթուր Վանեցյանի հետ, խորհուրդ տվեց դիմել իր փաստաբան Լուսինե Սահակյանին, սակայն տիկին Սահակյանը ևս զերծ մնաց մեկնաբանությունից. - «Պարոն Վանեցյանն իրականում երեկ հարցաքննվել է, ներկայացել է առանց փաստաբանների, սակայն մենք որոշել ենք, որ այս պահի դրությամբ դեռևս մեկնաբանություններ չենք ներկայացնելու»:
2018թ. սեպտեմբերին ու դեկտեմբերին համացանցում տարածվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, որոնց փաստով հարուցվեց քրեական գործ։
YouTube-ում տարածված ձայնագրություններում բարձրաստիճան պաշտոնյաները՝ Վանեցյանն ու Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Իսկ Փաշինյանն ու Վանեցյանը քննարկում են ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հարցը։
Այս գործով մոտ երկու շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հրավիրվել Քննչական կոմիտե՝ հարցաքննության, վարչապետը մոտ երկուսուկես ժամ պատասխանել էր քննիչի հարցերին: Հարցաքննությունից հետո Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։
Ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով չարաշահումների մասին քրեական գործին, հիշեցնենք, որ այս գործի շրջանակում նախորդ ամիս խուզարկություն էր իրականացվել ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով:
Օրեր անց գործի շրջանակում ձերբակալվեցին Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենն և ֆեդերացիայի տեխնիկական հսկիչը, սակայն հետագայում դատարանը մերժեց նրանց կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։