Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է Ադրբեջանի համար լոբբիզմով զբաղվելու մեջ մեղադրվող պատգամավորին

Բունդեսթագի շենքը Բեռլինում, արխիվ

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Կարին Շտրենցին: Նա կանցլեր Անեգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատների միության անդամ էր։

Շտրենցն այն նույն պատգամավորն է, ում անցած տարի Բունդեսթագը պարտավորեցրել էր 20 հազար եվրո տուգանք վճարել Ադրբեջանի շահերը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) պաշտպանելու համար։ Նա մեղադրվում էր կաշառքի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համար լոբբիստական աշխատանք կատարելու մեջ։

Պատգամավորի հանդեպ իրականացվող հետաքննության շրջանակներում հունվարի 30-ին Գերմանիայի դատախազության քրեական գործերի դաշնային գործակալության, նաև Բելգիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նրան պատկանող 16 վայրերում։ Խուզարկվել է Բունդեսթագի նրա աշխատասենյակը, Բեռլինում նրա անձնական բնակարանը, բնակելի տարածքներ, գրասենյակներ և փաստաբանական գրասենյակներ Բեռլինում, Բավարիայում և Բելգիայում։

Այս գործով անցնում է նաև Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախարարությունում խորհրդարանական նախկին պետական քարտուղար Էդուարդ Լինտերը։ Վերջինս, ըստ դատախազության նյութերի, 2008-2016 թվականներին Ադրբեջանից մոտավորապես 4 միլիոն եվրո է ստացել բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով, որոնք հաշիվներ են ունեցել Բալթյան երկրների բանկերում։ Այդ գումարի զգալի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ-ի անդամ որոշ պատգամավորների, որոնք դրա դիմաց պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանի ընտրությունների մասին և դեմ լինեին քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներին։

Գերմանիայում ևս մեկ, երրորդ կասկածյալ կա կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը պաշտպանելու գործում, բայց նրա անունը նախաքննությունը դեռ չի բացահայտում։ Նա մեղադրվում է կեղծ ընկերություններ հիմնելու և իր փաստաբանական գրասենյակի բանկային հաշիվների միջոցով ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար Ադրբեջանից դրամական փոխանցումներ կատարելու մեջ։

Կարին Շտրենցը Բունդեսթագի պատգամավոր է 2009 թվականից։ 2014-2015 թվականներին Շտրենցը 30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լոբբիստական կազմակերպությունից, որը ղեկավարում էր Էդուարդ Լինտերը։