Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նստաշրջանի մասնակիցները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ


Ստրասբուրգում անցկացված քննարկման մասնակիցները ԵԽԽՎ-ին կոչ են արել ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին կազմված իսլանդացի պատգամավորի զեկույցը, դրա հիման վրա բանաձև ընդունել և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի շրջանակներում զուգահեռ քննարկումն անցկացվել է «Ճգնաժամ Եվրախորհրդում. Ադրբեջանում քաղբանտարկյալների հավերժ հարցը» թեմայով։

Կազմակերպիչն Ադրբեջանական լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտն է, մասնակցել են եվրոպացի գործընկերներ փորձագետներ, ԵԽԽՎ-ի պատգամավորներ, Ադրբեջանի մասին զեկույցի հեղինակը։

Ստրասբուրգից «Թուրան» գործակալության թղթակցի փոխանցմամբ, Լրագրողների ազատության և անվտանգության գործադիր տնօրեն Էմին Հուսեյնովն, ասել է, թե քաղբանտարկյալների խնդիրն Ադրբեջանում գոյություն ունի սկսած 1990-ականներից։

«Բանտարկվում են ավելի ու ավելի շատ դեմքեր, այդ սարսափելի գործընթացը շարունակվում է», - նշել է նա։

Էմին Հուսեյնովը Խորհրդարանական վեհաժողովին և Եվրոպայի խորհրդի մյուս բոլոր կառույցներին կոչ է արել ԵԽԽՎ-ի հանդեպ պարտավորությունները չկատարելու Ադրբեջանի դեմ գործողությունների պլան մշակել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

«Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի կոռուպցիան և ազատ արձակի քաղբանտարկյալներին», - հայտարարել է Հուսեյնովը։

Քննարկմանը ելույթ է ունեցել նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների զեկույցի հեղինակ, իսլանդացի պատգամավորը՝ մասնավորապես կենտրոնանալով Իլգար Մամեդովի գործի վրա: Սուննա Էվարսդոտտիրն ընդգծել է, որ Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Ադրբեջանում թերի է կատարվել։ Նա ասել է, որ իր զեկույցում խիստ քննադատական գնահատականներ կան և դրանք ոչ թե պետք է հերքել, այլ պատասխան տալ այդ հարցերին։

Իլգար Մամեդովը նույնպես մասնակցել է այդ քննարկմանը։ Նա «ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդն է, ձերբակալվել է 2013 թվականին, նախագահական ընտրություններից ամիսներ առաջ և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Անցած տարի գարնանը Մամեդովն ազատ է արձակվել, սակայն Ադրբեջանի իշխանությունները Եվրադատարանի որոշումը թերի են կատարել, նրան չեն արդարացրել, որի պատճառով Մամեդովը չի կարող մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Ստրասբուրգում Մամեդովն ասել է, որ եթե պետությունը չի կատարում իր պարտավորությունները Եվրոպայի խորհրդի հանդեպ, ապա դա պետք է հանգեցնի անդամակցության սառեցմանը։

«Մենք պետք է աշխատենք ոչ միայն Եվրոպայի խորհրդի բյուրոկրատիայի հետ, այլև կազմակերպության առաջատար անդամ երկրների հետ և բացատրել նրանց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը հարցականի տակ է դնում հենց իր՝ Եվրոպայի խորհրդի գոյությունը», - ասել է Մամեդովը։

XS
SM
MD
LG