Մատչելիության հղումներ

Բունդեսթագը Մերկելի կուսակից Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրոյի տուգանք վճարել՝ Ալիևի օգտին լոբբիզմով զբաղվելու համար


Գերմանիա - Բունդեսթագի շենքը Բեռլինում, արխիվ
Գերմանիա - Բունդեսթագի շենքը Բեռլինում, արխիվ

Գերմանիայի Բունդեսթագը կանցլեր Անգելա Մերկելի կուսակից, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրոյի տուգանք վճարել՝ Ադրբեջանի բռնապետական վարչակազմից գումարներ ստանալու և Ալիևի օգտին լոբբիզմով զբաղվելու համար, գրում է «Շպիգել»-ը:

Ըստ գերմանական թերթերի, որոշումը կայացվել է նախօրեին՝ խորհրդարանի նախագահության փակ նիստում:

Ավելի վաղ Բունդեսթագը խիստ նկատողություն էր տվել իշխող ուժի պատգամավորին, Եվրոպայի խորհուրդն էլ նրան ցմահ զրկել էր այդ կառույց մտնելու իրավունքից:

Շտրենցը սկանդալի կենտրոնում էր հայտնվել ամիսներ առաջ, երբ Եվրոպայի խորհրդի փորձագետներն աղմկահարույց փաստեր էին բացահայտել Ալիևի վարչակազմի հետ նրա սերտ կապերի ու Բաքվից ստացած շքեղ նվերների մասին:

Անցած տարվա ապրիլին հրապարակված ծավալուն՝ ավելի քան 200 էջանոց զեկույցը փաստել էր՝ Եվրախորհդարանի պատգամավորները, այդ թվում՝ Շտրենցն Ադրբեջանից թանկարժեք նվերներ ու խոշոր գումարներ են ստացել, արձակուրդն էլ անցկացրել Բաքվի շքեղ հյուրանոցներում:

Շտրենցը, մասնավորապես, ընդամենը երկու տարում՝ 2014-15 թվականներին, 14-ից 30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լոբբիստական ընկերությունից, որը ղեկավարում է Բունդեսթագի նախկին պատգամավոր, այժմ Բեռլինում Ադրբեջանի շահերը ներկայացնող Էդուարդ Լինտերը:

Վերջինս, ըստ «Շպիգել»-ի, հաստատել է այս տեղեկությունները և ընդունել, որ գումարները ստացվել են Ադրբեջանի իշխանություններից:

Եվ, թերևս, պատահական չէ, որ այդ շռայլ պարգևներից հետո՝ 2015-ին, երբ Եվրոպայի խորհրդում քվեարկության էր դրվել ադրբեջանցի քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու մասին բանաձևը, գերմանական պատվիրակությունից դեմ էր քվեարկել ընդամենը մեկ պատգամավորը, և այդ մեկը եղել էր Կարին Շտրենցը:

Նույն 2015-ին նա Ադրբեջանից ստացած գումարների հաշվին մեկնել էր Բաքու՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու, սակայն հարկ չէր համարել այցելել գոնե մեկ ընտրատեղամաս, փոխարենը ժամանակ էր գտել նախագահ Իլհամ Ալիևի ընդունելությանն արժանանալու համար:

Անդրադառնալով խոշոր տուգանքին՝ Շտրենցը պնդել է, թե այն սահմանվել է լոկ տեխնիկական սխալի՝ եկամուտները ժամանակին չհայտարարագրելու և դրանց մասին ղեկավարությանը չհայտնելու համար:

«Ուրախ եմ, որ ինձ մեղսագրվող մյուս՝ առավել լուրջ մեղադրանքները չեղարկվել են», - Die Welt-ին ասել է պատգամավորը:

Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ կոալիցիա կազմած սոցիալ-դեմոկրատները, սակայն, վստահ են՝ Շտրենցի՝ անմեղության մասին պնդումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից:

Այս խոշոր տուգանքը ցույց է տալիս, թե որքան լուրջ է եղել խախտումը, և հիմա Շտրենցը պետք է ընդունի մեղքն ու վայր դնի մանդատը, հայտարարել է կուսակցությունը:

Երեկ այս հարցի շուրջ հայտարարություն են տարածել նաև Գերմանիայի իրավապաշտպան կազմակերպությունները՝ ընդգծելով՝ այս գործով պետք է այլևս զբաղվի Գերմանիայի դատախազությանը, Շտրենցն էլ պետք է կանգնի դատարանի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG