«Էրեբունի Պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետով` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:
Նաիրա Հարությունյանը հայտնել է նաև, որ 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ոստիկանությունն այսօր՝ ժամը 14.40-ին, ահազանգ էր ստացել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր: Զինված տղամարդու հետ բանակցություններ էր վարել անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների արդյունքում անձը հանձնել է հրազենը, ապա տեղափոխվել ոստիկանություն: