Փաշինյան. Այսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ թվով 7 ծննդօգնության ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ պայմանագրեր չկնքելու կամ ֆինանսավորման դադարեցման հետ կապված հարցին:

Նա նախ հայտարարեց՝ պետք է լուծել հասանելիության խնդիրը:

«Մարալիկի ծննդատան մասին խոսելիս ասվում էր, որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է ևս 25 գյուղերի, հարց՝ ինչո՞ւ այդ բոլոր գյուղերում չկան սեփական ծննդատներ», - ասաց նա, ապա հավելեց, որ օրինակ՝ եթե Արթիկում կա պատշաճ մակարդակի և չափանիշներին համապատասխանող ծննդատուն, ապա Մարալիկին և այդ գյուղերին Արթիկը գրեթե նույնքան հասանելի է:

Բայց վարչապետը նկատեց. - «Ծննդատների թեմայի քննարկման արդյունքում մենք պետք է գանք ռազմավարական պատկերացումների: Կարող է պարզվել, որ ավելի լավ է՝ ճանապարհները կառուցեն, շտապօգնության մեքենաներ դնեն»: Նա ընդգծեց՝ չեն նվազեցնում առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, ավելին՝ կառավարությունը վերջին 2 տարիներին մոտ 30 տոկոսով ավելացրել է այդ ֆինանսավորումը։ Ապա ավելացրեց, որ այսօր խորհրդակցություն է ունեցել. - «Մենք այսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում, յոլա գնալու տրամաբանությամբ, մեզ թվում է, թե յոլա գնալն ավելի էժան է, բայց դա ավելի թանկ է...Եղվարդի պարագայում վերանայվեց, որովհետև այնտեղ, որտեղ կա ամուր փաստարկ, կառավարությունը չի կարող դա չլսել»:

Հիշեցնենք, որ տարբեր ծննդատների աշխատակիցներ, Եղվարդի դեպքում նաև համայնքի բնակիչները դեմ են արտահայտվել այս որոշմանը: